Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 27

:
Armenian - NEA
1 Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվերներ տվեց՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։
2 Այն օրը, երբ անցնեք Հորդանան գետը և մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր Աստվածը, տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կկանգնեցնեք ու ծեփով կծեփեք դրանք։
3 Եվ այդ քարերի վրա կգրեք այս օրենքի բոլոր պատգամները, երբ անցնեք Հորդանանը ու մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես խոստացել է Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու քեզ։
4 Երբ անցնեք Հորդանան գետը, այն քարերը, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, կկանգնեցնեք Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփեք ծեփով։
5 Այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու համար քարե զոհասեղան կպատրաստես։ Դրան երկաթ չպետք է դիպչի։
6 Չհղկված քարերով կպատրաստես Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանը։ Դրա վրա Տիրոջ՝ քո Աստծու համար ողջակեզներ կմատուցես։
7 Այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու համար փրկության զոհ կմատուցես, կուտես ու կկշտանաս այնտեղ, կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առջև
8 և քարերի վրա խիստ պարզորոշ կգրես այս բոլոր օրենքները»։
9 Մովսեսը, քահանաներն ու ղևտացիները, խոսելով Իսրայելի բոլոր որդիների հետ, ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր Տիրոջ՝ քո Աստծու ժողովուրդը դարձար։
10 Լսի՛ր Տիրոջ՝ քո Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
11 Եվ Մովսեսն այդ օրը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.
12 «Երբ Հորդանանն անցնեք, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։
13 Իսկ Ռուբենի, Գադի, Ասերի, Զաբուղոնի, Դանի և Նեփթաղիմի ցեղերը թող կանգնեն Գեբաղ լեռան վրա՝ ժողովրդին անիծելու։
14 Ղևտացիները, սկսելով, թող բարձրաձայն ասեն ողջ Իսրայելին.
15 «Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։
16 «Անիծյալ լինի նա, ով կանարգի իր հորը կամ իր մորը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
17 «Անիծյալ լինի նա, ով կխախտի իր հարևանի սահմանները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
18 «Անիծյալ լինի նա, ով կույրին կմոլորեցնի ճանապարհից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
19 «Անիծյալ լինի նա, ով կոտնահարի եկվորի, որբի և այրու իրավունքները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
20 «Անիծյալ լինի նա, ով կպառկի իր հոր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կլինի իր հոր ամոթույքը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
21 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի անասունի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
22 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր քրոջ հետ՝ նույն հորից կամ նույն մորից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
23 «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր զոքանչի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։ «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր կնոջ քրոջ հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
24 «Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
25 «Անիծյալ լինի նա, ով կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
26 «Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։