Colossians 1
1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը՝
2 Կողոսայում ապրող սրբերին ու հավատացյալ եղբայրներին ի Քրիստոս։
3 Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց։ Ամեն անգամ, ձեզ համար աղոթելով, գոհություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝
4 լսելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին,
5 այն հույսի համար, որ վերապահված է ձեզ երկնքում։ Այդ հույսի մասին նախապես լսեցիք Ավետարանի՝ ճշմարիտ խոսքի միջոցով,
6 որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
7 ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը Հիսուսի հավատարիմ ծառան է ձեզ համար։
8 Նա պատմեց մեզ ձեր մեջ Հոգու արթնացրած սիրո մասին։
9 Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝
10 ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։
11 Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։
12 Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից դառնալու սրբերի վիճակին լույսի մեջ։
13 Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց իր սիրելի Որդու արքայությունը,
14 որով ունենք փրկություն նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով։
15 Նա աներևույթ Աստծու պատկերն է, ծնված բոլոր արարածներից առաջ։
16 Որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ երկնքում է և երկրի վրա, ինչ երևում է և ինչ չի երևում՝ թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ։ Ամեն ինչ նրանով և նրա համար ստեղծվեց։
17 Նա է ամեն ինչից առաջ, և ամեն ինչ նրանով է ամբողջական։
18 Նա է գլուխը մարմնի՝ եկեղեցու։ Նա է սկիզբը, անդրանիկը՝ մեռելներից, որպեսզի ամեն ինչում ինքը լինի առաջնային.
19 որովհետև Աստծուն հաճելի եղավ, որ Աստվածության ամբողջությունը նրա մեջ բնակվի
20 և նրանով իր հետ հաշտեցնի ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա թափված նրա արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքի մեջ։
21 Ձեզ էլ, որ մի ժամանակ Աստծուց օտարացած էիք և թշնամի ձեր մտածումներով,
22 այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ,
23 եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
24 Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։
25 Ես՝ Պողոսս, եկեղեցու սպասավոր եղա ըստ Աստծու տնօրինության, որ տրված է ինձ՝ ձեր մեջ ամբողջությամբ քարոզելու Աստծու խոսքը,
26 այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, որ այժմ հայտնվեց իր սրբերին։
27 Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։
28 Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
29 Դրա համար աշխատում ու պայքարում եմ՝ նրա ուժի համեմատ, որ գործում է իմ մեջ զորությամբ։