Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 7

:
Armenian - NEA
1 Քահանայապետն ասաց. «Իսկապես դա այդպե՞ս է»։
2 Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
3 ու ասաց նրան. “Դո՛ւրս ել քո երկրից և քո ազգատոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցույց կտամ” ։
4 Այդ ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդեացիների երկրից, բնակություն հաստատեց Խառանում։ Այդտեղից էլ նրա հոր մահվանից հետո Աստված նրան պանդխտեցնելով փոխադրեց այս երկիրը, որտեղ այժմ բնակվում եք դուք։
5 Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, մի ոտնաչափ տեղ անգամ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո՝ նրա սերնդին, երբ դեռ նա նույնիսկ որդի չուներ։
6 Աստված այսպես խոսեց. “Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, և նրան ծառա պիտի դարձնեն ու չորս հարյուր տարի պիտի չարչարեն։
7 Եվ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ,- ասում է Աստված.- և սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում” ։
8 Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
9 Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր
10 ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։
11 Եվ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց։ Մեծ նեղություն կար, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։
12 Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կա, նախ ուղարկեց մեր հայրերին,
13 իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և փարավոնն էլ իմացավ նրա ազգատոհմի մասին։
14 Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։
15 Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։
16 Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։
17 Երբ մոտեցավ ավետյաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, Եգիպտոսում ժողովուրդը աճեց և բազմացավ,
18 մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը չէր ճանաչում Հովսեփին։
19 Նա հնարքներ բանեցրեց մեր ազգի դեմ և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին դեն նետելով, որ չապրեն։
20 Այդ ժամանակ ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս։
21 Երբ նրան նետեցին գետը, փարավոնի դուստրը նրան վերցրեց և մեծացրեց իբրև իր որդեգրի։
22 Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։
23 Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա մտադրվեց շրջելու իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ։
24 Եվ ահա մի անիրավված իսրայելացու տեսնելով՝ զայրացավ և զրկվածի վրեժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով։
25 Մտածում էր, թե միգուցե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու, բայց նրանք չիմացան։
26 Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։
27 Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.
28 մի՞թե ինձ էլ ես ուզում սպանել, ինչպես որ երեկ սպանեցիր եգիպտացուն”։
29 Այս խոսքերի վրա Մովսեսը փախավ ու պանդխտեց Մադիամի երկրում, որտեղ երկու որդի ունեցավ։
30 Քառասուն տարին լրանալուն պես Սինա լեռան անապատում՝ մի մորենու կրակի բոցերի մեջ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը։
31 Եվ Մովսեսը, այս տեսնելով, զարմացավ տեսիլքի վրա, ու երբ նա մոտենում էր նայելու, նրան հասավ Տիրոջ ձայնը.
32 “Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”։ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել։
33 Եվ Տերը նրան ասաց. “Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես դու, սուրբ հող է։
34 Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”։
35 Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։
36 Նա է, որ դուրս հանեց նրանց՝ հրաշքներ ու զարմանահրաշ նշաններ անելով եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարի շարունակ։
37 Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։
38 Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
39 Մեր հայրերը չուզեցին նրան հնազանդ լինել, այլ մերժեցին նրան ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան։
40 Ահարոնին ասացին. “Մեզ համար մեզ առաջնորդող աստվածնե՛ր կերտիր, որովհետև չգիտենք, թե ի՛նչ պատահեց այն Մովսեսին, որ հանեց մեզ եգիպտացիների երկրից”։
41 Եվ այդ օրերին հորթանման մի արձան ձուլելով ու այդ կուռքին զոհեր մատուցելով՝ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։
42 Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում. “Ո՛վ Իսրայելի տուն, մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,
43 ընդհակառակը, դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա թե ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ” ։
44 Անապատում Վկայության խորանը մեր հայրերի հետ էր. ինչպես որ Մովսեսի հետ խոսողը հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որն ինքը տեսել էր։
45 Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։
46 Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։
47 Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց.
48 սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպես մարգարեն է ասում.
49 “Երկինքն է իմ աթոռը, և երկիրը՝ պատվանդանն իմ ոտքերի։ Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ ո՞ր վայրը կարող է լինել իմ բնակարանը.
50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը” ։
51 Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
52 Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
53 դուք, որ հրեշտակների միջոցով ստացաք Օրենքը, բայց այն չպահեցիք»։
54 Եվ այս բաները լսելով՝ իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա ատամ կրճտացնում։
55 Իսկ նա լի էր Սուրբ Հոգով. աչքերը երկինք հառեց, տեսավ Աստծու փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը,
56 և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն՝ կանգնած Աստծու աջ կողմում»։
57 Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։
58 Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։
59 Քարկոծում էին Ստեփանոսին, որն աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։
60 Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։