Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 5

:
Armenian - NEA
1 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց
2 և նրա գումարից մի մաս կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։
3 Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր.
4 չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։
5 Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։
6 Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։
7 Շուրջ երեք ժամ անցնելուց հետո նրա կինը, որ չգիտեր կատարվածի մասին, ներս մտավ։
8 Պետրոսը դիմեց նրան. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եվ նա պատասխանեց. «Այո՛, այդչափ»։
9 Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։
10 Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։
11 Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, ովքեր այս բանը լսեցին։
12 Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։
13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց հարգում էր։
14 Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը,
15 նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։
16 Շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների և պիղծ ոգիներից տանջվողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
17 Քահանայապետը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին՝ առաքյալների դեմ ելնելով,
18 և ելան ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակավ բանտ դրեցին։
19 Ապա Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով և նրանց դուրս հանելով, ասաց.
20 «Գնացեք կանգնե՛ք տաճարի մեջ և այս կենարար պատգամը փոխանցե՛ք ժողովրդին»։
21 Եվ երբ այս լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկան քահանայապետն ու նրանք, որ իր հետ էին, հավաքեցին ատյանը և հրեաների ամբողջ ծերակույտը և մարդ ուղարկեցին բանտ՝ առաքյալներին բերելու։
22 Երբ սպասավորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին
23 ու ասացին. «Բանտն ամենայն զգուշությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։
24 Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։
25 Եվ ահա մեկը եկավ ու նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ուսուցանում են ժողովրդին»։
26 Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։
27 Եվ բերելով նրանց՝ ատյանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց
28 և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։
29 Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։
30 Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։
31 Նրան Աստված իր զորությամբ բարձրացրեց՝ որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու համար։
32 Մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։
33 Եվ երբ նրանք լսեցին այս, սաստիկ զայրացան ու ուզում էին սպանել նրանց։
34 Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։
35 Ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե այս մարդկանց պարագային ի՛նչ պետք է անեք։
36 Բոլորովին վերջերս մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է, և որին հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդիկ։ Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանված էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։
37 Դրանից հետո՝ մարդահամարի օրերին, մեջտեղ ելավ Հուդա Գալիլեացին և ապստամբեցրեց ժողովրդին։ Բայց նա էլ սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնվել էին, ցիրուցան եղան։
38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացեք այդ մարդկանցից և բա՛ց թողեք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, ինքն իրենով կկանխվի.
39 իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք»։
40 Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։
41 Իսկ նրանք ատյանից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել։
42 Եվ ամեն օր, տաճարում թե տներում, չէին դադարում ուսուցանել և ավետարանել Հիսուս Քրիստոսին։