Acts 3
1 Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։
2 Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։
3 Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։
4 Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։
5 Նա նրանց դարձավ՝ ակնկալելով նրանցից մի բան ստանալ։
6 Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։
7 Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։
8 Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։
9 Ամբողջ ժողովուրդը տեսավ, որ նա քայլում և օրհնում էր Աստծուն։
10 Գիտեին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ՝ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։
11 Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։
12 Երբ Պետրոսն այս ամենը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ եք նայում, կարծես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։
13 Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, մեր հայրերի Աստվածը փառավորեց իր Որդուն՝ Հիսուսին, որին դուք մատնեցիք և Պիղատոսի առաջ նրանից հրաժարվեցիք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։
14 Եվ դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհվի ձեզ.
15 սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։
16 Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի հանդեպ եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը՝ ձեր բոլորի ներկայությամբ։
17 Արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք և ձեր իշխանավորները։
18 Բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր բոլոր մարգարեների բերանով իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարեց։
19 Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,
20 որպեսզի հանգստության ժամանակները գան Տիրոջից, և որպեսզի նա ուղարկի Հիսուսին՝ ձեզ համար վաղօրոք սահմանված Քրիստոսին։
21 Նա պետք է մնա երկնքում, մինչև իրականանա այն ամենը, որոնց մասին Աստված խոսել է սկզբից իր սուրբ մարգարեների բերանով։
22 Մովսեսը մեր հայրերին ասաց. “Ձեր Տերը՝ Աստվածը, ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար ձեր եղբայրների միջից. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի.
23 և այդ մարգարեին չլսող ամեն մարդ ժողովրդի միջից պիտի բնաջնջվի” ։
24 Սամուելից սկսած բոլոր մարգարեներն էլ, որ խոսեցին, կանխասեցին նաև այս օրերի մասին։
25 Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն” ։
26 Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։