Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 10

:
Armenian - NEA
1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։
2 Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։
3 Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։
4 Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
5 Եվ արդ, մարդի՛կ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում.
6 նա իջևանել է կաշեգործ ոմն Սիմոնի մոտ, որի տունը մոտ է ծովին»։
7 Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի
8 ու նրանց ամեն բան պատմելով՝ Հոպպե ուղարկեց։
9 Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։
10 Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ.
11 տեսնում էր երկինքը բացված և չորս ծայրերից կախված անոթանման մի մեծ սփռոց, որ իջավ նստեց երկրի վրա։
12 Նրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։
13 Եվ ահա նրան մի ձայն հասավ. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր»։
14 Պետրոսը պատասխանեց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։
15 Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։
16 Այս պատահեց երեք անգամ, և սփռոցը կրկին երկինք վերացավ։
17 Մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թե տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը,
18 ձայն տվեցին ու հարցրին, թե արդյոք Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է օթևանել։
19 Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ երեք մարդ քեզ է փնտրում.
20 ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետև նրանց ես եմ ուղարկել»։
21 Երբ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ, ասաց. «Ում փնտրում եք, ահա ես եմ. ի՞նչ նպատակով եք եկել»։
22 Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։
23 Պետրոսը ներս կանչեց նրանց և իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։
24 Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը նրանց էր սպասում՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։
25 Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ երկրպագեց։
26 Պետրոսը ոտքի կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։
27 Եվ նրա հետ խոսելով՝ ներս մտավ ու այնտեղ հավաքված մի մեծ բազմություն գտավ։
28 Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել.
29 դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։
30 Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին, մինչև ցերեկվա ժամը երեքն աղոթք էի անում իմ տանը, ահա լուսավոր զգեստներով մի մարդ եկավ կանգնեց իմ առաջ
31 ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։
32 Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր Պետրոս կոչված Սիմոնին. նա օթևանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը՝ ծովի մոտ։ Նա կգա և կխոսի քեզ հետ”։
33 Ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար. այժմ ամենքս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից»։
34 Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես, այժմ հասկացա, որ Աստծու կողմից աչառություն չկա,
35 այլ բոլոր ազգերի մեջ ով երկնչում է նրանից և արդարություն գործում, ընդունելի է նրան։
36 Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։
37 Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո տարածվեց Գալիլեայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ.
38 Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
39 Եվ մենք վկայում ենք այն ամենի մասին, ինչ արեց նա Հրեաստանում և Երուսաղեմում, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։
40 Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց և հայտնի դարձրեց
41 ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ ի սկզբանե Աստծուց ընտրված էինք. մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։
42 Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։
43 Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
44 Եվ մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքն էին լսում։
45 Թլփատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են.
46 որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում և փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց.
47 «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։
48 Եվ հրամայեց նրանց մկրտել հանուն Հիսուս Քրիստոսի։ Այդ ժամանակ աղաչեցին նրան, որ մի քանի օր էլ այնտեղ մնա։