Acts 1
1 Առաջին պատմությունը, որ սկզբից գրի առա, ո՛վ Թեոփիլոս, այն ամենի մասին էր, ինչ Հիսուս արեց և ուսուցանեց,
2 մինչև այն օրը, երբ երկինք բարձրացավ՝ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տալով իր ընտրյալ առաքյալներին։
3 Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։
4 Եվ նրանց հետ հացի հաղորդության ժամանակ պատվեր էր տալիս նրանց. «Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասե՛ք Հոր խոստումին, ինչպես որ լսեցիք ինձանից։
5 Քանի որ Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք ոչ շատ օրեր հետո Սուրբ Հոգով պիտի մկրտվեք»։
6 Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։
7 Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
8 Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
9 Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։
10 Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց
11 ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։
12 Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։
13 Եվ երբ քաղաք մտան, ուղիղ վերնատուն բարձրացան, որտեղ և ապրում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Շմավոն Նախանձահույզը և Հակոբի որդի Հուդան։
14 Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
15 Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).
16 «Եղբայրնե՛ր, պետք է իրականանար Սուրբ Գրքում գրվածը, որ Դավթի բերանով Սուրբ Հոգին նախապես ասաց Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ,
17 չնայած որ մեր խմբի մեջ էր և մեզ պաշտոնակից ու ծառայակից էր։
18 Սա, իբրև իր անիրավությանը վարձ, մի ագարակ ստացավ, բայց ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։
19 Երուսաղեմի բոլոր բնակիչներին այս հայտնի դարձավ, այնպես որ իրենց բարբառով ագարակն անվանվում էր Ակեղդամա, այսինքն՝ Արյան ագարակ։
20 Քանզի Սաղմոսների գրքում գրված է. «Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի», և դարձյալ՝ «Թող նրա առաքելությունն ուրիշն առնի» ։
21 Արդ, պետք է այստեղ հավաքված մարդկանցից մեկը, որոնք մեր Տիրոջ՝ Հիսուսի՝ մեր մեջ բնակվելու ժամանակ միշտ մեզ հետ էին,
22 Հովհաննեսի մկրտությունից սկսած մինչև մեզնից երկինք բարձրանալու օրը, մեզ հետ միասին նրա հարության վկան դառնա»։
23 Ընտրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որին Բարսաբբաս էին կոչում, որը Հուստոս անվանվեց, և Մատաթիային։
24 Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝
25 ստանձնելու այս պաշտոնն ու առաքելությունը, որից ընկավ Հուդան ու գնաց իր ճանապարհով»։
26 Նրանց վիճակ տվեցին, ու վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։