1Երեցիցս՝ սիրելի Գայիոսին, որին սիրում եմ ճշմարտությամբ։
2Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար. այնպես, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։
3Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, թե ինչպե՛ս ես դու ընթանում ճշմարտությամբ։
4Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։
5Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ անում ես եղբայրների համար, նույնն արա՛ նաև օտարների համար,
6որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով՝ բարի գործ արած կլինես,
7քանի որ նրանք Քրիստոսի անվան համար ճանապարհ ելան և ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։
8Ուստի մենք պարտավոր ենք ընդունել այդպիսիներին, որպեսզի գործակից լինենք ճշմարտությանը։
9Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։
10Դրա համար, երբ գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է՝ չար խոսքերով մեզ զրպարտելով։ Եվ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում ընդունողներին և այդպիսիներին եկեղեցուց դուրս է հանում։
11Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։
12Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին և ինքը՝ ճշմարտությունը. վկայում ենք նաև մենք, և դու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։
13Շատ բան ունեի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով և թանաքով,
14քանի որ հույս ունեմ շուտով տեսնելու քեզ և դեմ առ դեմ խոսելու։
15Խաղաղությո՜ւն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին, յուրաքանչյուրին՝ անվանապես։