3 John 1
1 Երեցիցս՝ սիրելի Գայիոսին, որին սիրում եմ ճշմարտությամբ։
2 Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար. այնպես, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։
3 Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, թե ինչպե՛ս ես դու ընթանում ճշմարտությամբ։
4 Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։
5 Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ անում ես եղբայրների համար, նույնն արա՛ նաև օտարների համար,
6 որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով՝ բարի գործ արած կլինես,
7 քանի որ նրանք Քրիստոսի անվան համար ճանապարհ ելան և ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։
8 Ուստի մենք պարտավոր ենք ընդունել այդպիսիներին, որպեսզի գործակից լինենք ճշմարտությանը։
9 Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։
10 Դրա համար, երբ գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է՝ չար խոսքերով մեզ զրպարտելով։ Եվ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում ընդունողներին և այդպիսիներին եկեղեցուց դուրս է հանում։
11 Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։
12 Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին և ինքը՝ ճշմարտությունը. վկայում ենք նաև մենք, և դու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։
13 Շատ բան ունեի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով և թանաքով,
14 քանի որ հույս ունեմ շուտով տեսնելու քեզ և դեմ առ դեմ խոսելու։
15 Խաղաղությո՜ւն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին, յուրաքանչյուրին՝ անվանապես։