2 Samuel 10NEA

1Դրանից հետո մեռավ ամովնացիների արքան, և նրա որդի Անոնը թագավորեց նրա փոխարեն։

2Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։

3Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։

4Եվ նա Դավթի ծառաներին բռնեց, նրանց մորուքները ածիլեց և նրանց հագուստները մեջտեղից մինչև ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։

5Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։

6Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։

7Այդ լսելով՝ Դավիթ արքան Հովաբին ընտիր զորքով ուղարկեց նրանց դեմ։

8Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։

9Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, Իսրայելից ընտրեց երիտասարդներ և ասորիների դեմ ճակատ կազմեց։

10Զորքի մնացած մասը նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամովնացիների դեմ։

11Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնության կհասնեք, իսկ եթե ամովնացիները քեզ նեղեն, մենք օգնության կհասնենք։

12Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։

13Հովաբն իր զորքով պատերազմի ելավ ասորիների դեմ, և ասորիները փախան նրա առաջից։

14Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք ևս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Հովաբը ամովնացիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ։

15Երբ ասորիները տեսան, որ պարտվեցին Իսրայելից, մեկտեղ հավաքվեցին։

16Ադրաազարը մարդ ուղարկեց և գետի այն կողմի ասորիներին հավաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, և Սովբակը Ադրաազարի զորքի գլուխն անցավ։

17Դավթին հայտնեցին այդ մասին։ Նա հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանան գետը և հասավ Քաղամակ։ Ասորիները Դավթի դիմաց գնդեր հանեցին ու պատերազմեցին նրա դեմ։

18Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։

19Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները երբ տեսան, որ իրենք Իսրայելից պարտություն են կրել, անձնատուր եղան, Իսրայելի հետ հաշտության ուխտ կնքեցին և նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետև ամովնացիներին օգնել։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Samuel 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.