1Երբ Հովասը թագավոր օծվեց, յոթ տարեկան էր։
2Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։
3Հովասն արդար գտնվեց Տիրոջ առջև այնքան ժամանակ, որ Հովիդայեն դաստիարակում էր նրան։
4Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
5Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,
6քահանաները թող իրենց վերցնեն ամեն մեկն իր ծառայության եկամուտը, որպեսզի, որտեղ Տիրոջ տան քանդված մասեր լինեն, նորոգվեն»։
7Մինչև Հովաս արքայի թագավորության քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդված մասերը դեռ չէին նորոգել,
8ուստի Հովաս արքան կանչեց Հովիդայե քահանային ու մյուս քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգել Տիրոջ տան քանդված մասերը։ Ձեր ծառայություններից ստացված արծաթը ձեզ մի՛ վերցրեք, այլ Տիրոջ տան քանդված մասերի նորոգմա՛նը հատկացրեք»։
9Քահանաները համաձայնության եկան ժողովրդից արծաթ չվերցնել և ոչ էլ տան քանդված մասերը նորոգել։
10Հովիդայե քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց և դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները Տիրոջ տանը գտնված ամբողջ արծաթը լցրին այնտեղ։
11Երբ տեսնում էին, որ արկղի մեջ արծաթը շատացել է, կանչում էին արքունի քարտուղարների պետին ու քահանայապետին, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնված արծաթը ծրարում
12և պատրաստ գումարը տալիս էին Տիրոջ տան գործավարներին, որ բաշխեն Տիրոջ տան ատաղձագործներին,
13շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
14Սակայն Տիրոջ տուն բերված արծաթով Տիրոջ տան համար արծաթե դռներ, սեպեր, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ չպետք է սարքեին,
15այլ այդ գումարը գործավորներին պետք է տային, որպեսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։
16Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,
17իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։
18Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
19Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։
20Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
21Նրա ծառաները նրա դեմ ելան, դավաճանեցին նրան և Գաղաադում բնակվող Մաալոնի տանը սպանեցին Հովասին։
22Նրան սպանեցին նրա ծառաները՝ Հեմավութի որդի Հովազաքարը և Սոմերի որդի Հեզեբութը. խփեցին ու սպանեցին նրան և թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ամեսսիան։