1Քսան տարի հետո (այդ ընթացքում Սողոմոնը կառուցեց Տիրոջ տունն ու իր պալատը)
2Սողոմոնը վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տվել էր իրեն, և այնտեղ բնակեցրեց իսրայելացիներին։
3Սողոմոնը եկավ Եմաթ Սովբա բնակավայրը և ամրացրեց այն,
4անապատում կառուցեց Թեդմորը և Եմաթում շինեց ամրություններով քաղաքներ։
5Նա կառուցեց Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացված քաղաքներ,
6նաև Բաալաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացված քաղաքները, մարտակառքերի ու հեծյալների բոլոր քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնը կամեցավ ըստ իր ցանկության շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր ամբողջ թագավորության մեջ։
7Ոչ իսրայելացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից,
8Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։
9Սողոմոնն իսրայելացիներից իր թագավորության համար ծառաներ չվերցրեց, որովհետև նրանք պատերազմողներ, հզոր իշխաններ, մարտակառքերի ու հեծյալների հրամանատարներ էին։
10Սրանք՝ թվով երկու հարյուր հիսուն հոգի, Սողոմոն թագավորի գլխավոր իշխաններն էին, որ ղեկավարում էին ժողովրդին։
11Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։
12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրա,
13որի վրա, ամենօրյա կարգի համաձայն, ըստ Մովսեսի պատվիրանների, ողջակեզ պիտի մատուցվեր շաբաթ օրերին, ամսվա սկզբին ու տարեկան երեք տոներին՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։
14Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։
15Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրվել էին քահանաների, ղևտացիների, գանձարանի և ամեն ինչի վերաբերյալ։
16Այսպես սկզբից մինչև վերջ ավարտվեց Տիրոջ համար տուն կառուցելու Սողոմոնի ամբողջ գործը։
17Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր և Ելամ, որը Եդովմի ծովեզերքին էր։
18Քիրամն իր ծառաների միջոցով նավեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրա նավարկել գիտեին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սովփերա, այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի բերեցին ու եկան Սողոմոն արքայի մոտ։