Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Timothy 4

:
Armenian - NEA
1 Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ իր հայտնության օրը և իր արքայության ժամանակ դատելու է ողջերին և մեռածներին։
2 Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։
3 Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։
4 Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։
5 Բայց դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի գործդ արա՛, ծառայությունդ հասցրո՛ւ իր ավարտին։
6 Ես իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ, և իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։
7 Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։
8 Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը։
9 Շտապի՛ր շուտով գալ ինձ մոտ,
10 որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։
11 Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ օգտակար է ծառայության համար։
12 Տյուքիկոսին ուղարկեցի Եփեսոս։
13 Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ. բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։
14 Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։
15 Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև սաստիկ հակառակվեց մեր քարոզչությանը։
16 Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։
17 Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
18 Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
19 Ողջունի՛ր Պրիսկային և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի ընտանիքին։
20 Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոֆիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։
21 Աշխատի՛ր գալ ձմեռը վրա չհասած։ Քեզ ողջունում են Եվբուլոսը, Պուդեսը, Լինոսը և Կլավդիան, ինչպես նաև բոլոր եղբայրները։
22 Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը քեզ հետ։