Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Timothy 3

:
Armenian - NEA
1 Այս բանն իմացի՛ր, որ վերջին օրերին չար ժամանակներ կգան,
2 որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, դրամասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, սրբապիղծ,
3 տմարդի, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,
4 մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր։
5 Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց ուրացել են աստվածապաշտության զորությունը։ Խորշի՛ր նրանցից։
6 Որովհետև նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռնված, զանազան ցանկություններով տարված կանանց,
7 որոնք միշտ ուսանում են, բայց երբեք չեն հասնում ճշմարիտ գիտությանը։
8 Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։
9 Բայց նրանք երբեք ավելի առաջ չեն գնա, որովհետև նրանց անմտությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես եղավ այդ երկուսինը։
10 Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,
11 հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։
12 Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ։
13 Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
14 Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումի՛ց ես սովորել,
15 որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
16 Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,
17 որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։