2 Timothy 2
1 Հետևաբար, դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով։
2 Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։
3 Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։
4 Ոչ ոք, զինվորական դառնալով, չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով՝ իր զորավարին հաճոյանալու համար։
5 Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե կանոնների համաձայն չմրցի։
6 Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։
7 Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ուզում ասել։ Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
8 Հիշի՛ր մեռելներից հարություն առած Քրիստոս Հիսուսին՝ Դավթի ցեղից, ըստ իմ քարոզած Ավետարանի,
9 որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։
10 Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։
11 Հավաստի է այս խոսքը. «Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։
12 Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա։
13 Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող»։
14 Այս ամենը հիշեցրո՛ւ նրանց՝ պարտավորեցնելով Աստծու առաջ, որ բանակռիվ չանեն, մի բան, որ որևէ օգտակարություն չունի, այլ կործանման է տանում լսողներին։
15 Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։
16 Հեռո՛ւ մնա պիղծ ու դատարկ զրույցներից, որովհետև դրանց հեղինակներն ավելի են առաջանում ամբարշտությունների մեջ,
17 և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսն ու Ֆիլետոսը,
18 որոնք շեղվեցին ճշմարտությունից։ Նրանք ասում են, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և կործանում են ոմանց հավատը։
19 Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ են լինում, այլև փայտե ու խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, մյուսները՝ ոչ պատվավոր գործածության։
21 Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կդառնա պատվավոր մի անոթ՝ սրբագործված և պիտանի իր Տիրոջը, պատրաստ ամեն բարի գործի։
22 Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։
23 Խուսափի՛ր հիմար և անիմաստ վեճերից, իմացի՛ր, որ դրանցից կռիվներ են ծագում։
24 Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ ուսուցանելու, անոխակալ՝
25 հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
26 և զգաստանալով՝ ազատվեն սատանայի որոգայթներից, որի կողմից բռնված են նրա կամքը կատարելու համար։