Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Timothy 1

:
Armenian - NEA
1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսի մեջ է,
2 Տիմոթեոսին՝ սիրելի որդուս, շնո՜րհ, ողորմությո՜ւն և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
3 Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։
4 Հիշելով քո արտասուքները՝ փափագում եմ քեզ տեսնել, որպեսզի լցվեմ ուրախությամբ։
5 Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։
6 Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։
7 Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։
8 Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
9 նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։
10 Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով,
11 Ավետարան, որին ես կարգվեցի քարոզիչ, առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։
12 Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
13 Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։
14 Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգու օգնությամբ, որ բնակվում է մեր մեջ։
15 Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։
16 Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,
17 այլ, երբ Հռոմ եկավ, ինձ փութաջանորեն փնտրեց ու գտավ։
18 Թող Տերը շնորհի, որ նա դատաստանի օրը ողորմություն գտնի Տիրոջից։ Իսկ թե ինչքա՜ն ծառայություն մատուցեց ինձ Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։