2 Thessalonians 1
1 Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուդ՝ մեր Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով։
2 Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
4 այնպես որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր տոկունության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց համբերում եք։
5 Սա մի նշան է Աստծու արդար դատաստանի, որ դուք կարժանանաք Աստծու արքայությանը, որի համար էլ չարչարանք եք կրում։
6 Քանի որ Աստծու առաջ արդար է ձեզ նեղություն պատճառողներին նեղություն հատուցել,
7 իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,
8 կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։
9 Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից,
10 երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։
11 Ահա թե ինչու շարունակ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև որ զորությամբ ի կատար ածի ձեր բոլոր բարի ցանկություններն ու արդյունավորի ձեր հավատը,
12 որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզնով, և դուք՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։