2 Samuel 8
1 Դրանից հետո Դավիթը հարձակվեց այլազգիների վրա, փախուստի մատնեց նրանց՝ ետ վերցնելով նրանց գրաված տարածքները։
2 Դավիթը հարվածեց Մովաբին, նրանց գետնին պառկեցրեց և չափեց նրանց պարանով. երկու պարանի չափ սպանելով և ամեն երկու պարան՝ կենդանի թողնելով։ Մովաբացիները Դավթի հարկատու հպատակները դարձան։
3 Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարի վրա։
4 Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց։ Դավիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար միայն հարյուր մարտակառք թողնելով։
5 Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։
6 Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
7 Դավիթն առավ Սուբայի արքա Ադրաազարի ծառաների ոսկե ապարանջանները և բերեց Երուսաղեմ։ Եգիպտոսի արքա Սավսակիմը դրանք վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրոք հարձակվեց Երուսաղեմի վրա։
8 Դավիթ արքան Մասբակից և Ադրաազարի հռչակավոր քաղաքներից վերցրեց պղինձ, որով Սողոմոն արքան պղնձե ավազան, սյուներ, լվացարաններ և ամեն տեսակ իրեր պատրաստեց։
9 Եմաթի արքա Թովուն, լսելով, որ Դավիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զորքերին,
10 իր որդի Եդդուրային ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու, և շնորհավորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանի որ նա Թովուի թշնամին լինելով՝ նրա դեմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան Դավթին նվիրեց ոսկե, արծաթե և պղնձե անոթներ։
11 Դավիթ արքան այս ամենը Տիրոջը նվիրաբերեց, ինչպես նվիրաբերել էր իր հաղթած բոլոր ազգերից՝
12 եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից, ամաղեկացիներից և Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարից գրաված արծաթն ու ոսկին։
13 Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
14 Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
15 Աստված Դավթին ամբողջ Իսրայելի վրա թագավոր կարգեց, և Դավիթն իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։
16 Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատարն էր, Աքիի որդի Հովսափատը դիվանապետ էր,
17 Աքիտոբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր,
18 Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ ] էին։