2 Samuel 7
1 Երբ Դավիթը բնակվեց իր տանը, և Տերը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից,
2 արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։
3 Նաթանն ասաց արքային. «Ամեն ինչ, որ մտքիդ կա, գնա՛ և արա՛, քանի որ Տերը քեզ հետ է»։
4 Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ և ասաց.
5 «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,
6 որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։
7 Ամենուրեք, որ շրջել եմ Իսրայելի մեջ, մի՞թե երբևիցե Իսրայելի ազգատոհմերից որևէ մեկին, ում որ հրամայել եմ հովվել Իսրայելին՝ իմ ժողովրդին, ասել եմ. Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք”։
8 Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։
9 Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։
10 Իսրայելի՝ իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակվի և այլևս հոգս չունենա, որպեսզի անօրեն մարդիկ առաջվա պես չնվաստացնեն նրան,
11 ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։
12 Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։
13 Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ հավիտյան։
14 Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։
15 Բայց նրան ողորմություն չեմ զլանա, ինչպես զլացա նրանց, որոնց իմ առաջից վանեցի։
16 Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։
17 Այս բոլոր խոսքերն ու ամբողջ տեսիլքը նույն ձևով Նաթանը հաղորդեց Դավթին։
18 Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։
19 Տե՛ր իմ, Տե՛ր, դույզն իսկ չնվաստացա քո առաջ։ Դու խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թե այս է մարդկային օրենքը, Տե՛ր իմ, Տե՛ր։
20 Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տե՛ր իմ, Տե՛ր, ճանաչում ես քո ծառային։
21 Քո ծառայի համար և ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպեսզի քո ծառային իմացնես,
22 որ ինձ պետք է բարձրացնես, Տե՛ր իմ, Տե՛ր։ Ըստ մեր ականջներով լսածի՝ քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի ուրիշ Աստված չկա։
23 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։
24 Քո Իսրայել ժողովրդին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, և դու, ո՜վ Տեր, նրանց համար Աստված եղար։
25 Արդ, Տե՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ հավիտյան հաստատի՛ր և ասածիդ պես արա՛, որ քո անունը հավիտյան փառավորվի։ Տե՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայելի Աստված, քո ծառա Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու՝ Տերդ, Իսրայելի ամենակալ Աստվածն ես։
26 Թող քո անունը հավիտյան փառավորվի,
27 դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։
28 Եվ արդ, Տե՜ր իմ, Տե՛ր, դու ես Աստված, քո խոսքերը ճշմարիտ են, այս բոլոր օրհնությունները դու խոստացար քո ծառային։
29 Եվ հիմա թող քո օրհնությունը լցնի քո ծառայի տունը, որ հավիտյան քո առջև լինի, Տե՜ր իմ, Տե՛ր, քո օրհնությամբ քո ծառայի տունը հավիտյան օրհնված թող մնա»։