Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Samuel 6

:
Armenian - NEA
1 Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի բոլոր երիտասարդներին, մոտավորապես յոթանասուն հազար հոգի։
2 Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։
3 Դավիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրա՝ վերցնելով այն Ամինադաբ Բլրացու տնից։ Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը,
4 իսկ մյուս եղբայրները գնում էին տապանակի առջևից։
5 Դավիթն ու Իսրայելի որդիները Տիրոջ առաջ տավիղներ, հնչեղ նվագարաններ, քնարներ, սրինգներ էին նվագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։
6 Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի։ Նա այն բռնեց, որովհետև լծկան զվարակն այն շարժել էր իր տեղից։
7 Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
8 Դավիթը տրտմեց, որ Տերը մահացու հարվածեց Օզային նրա մեծ հանդգնության համար։ Այդ տեղը մինչև այսօր Օզայի Հարված է կոչվում։
9 Այդ օրը Դավիթը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակը ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։
10 Դավիթը չուզեց Տիրոջ Ուխտի տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը, և Դավիթը, շեղելով ճանապարհը, այն տարավ գեթացի Աբեդդարի տունը։
11 Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տերն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
12 Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։
13 Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
14 Դավիթը Տիրոջ առաջ տավիղ էր նվագում։ Նա պատմուճան էր հագել։
15 Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին՝ ուրախության աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։
16 Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։
17 Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մեջ, որ Դավիթը դրա համար էր կանգնեցրել։
18 Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
19 Նա Իսրայելի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչև Բերսաբեե, տղամարդկանց թե կանանց, ամեն մեկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրա թխված հաց և տապակի մեջ պատրաստված կարկանդակ։ Ամբողջ ժողովուրդը գնաց, յուրաքանչյուր ոք՝ իր տունը։
20 Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։
21 Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։
22 Եվ դեռ էլ ավելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երևամ ու դրանով էլ քո ասած այդ աղախինների առաջ փառավորվեմ»։
23 Եվ Սավուղի դուստր Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ։