2 Samuel 5
1 Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։
2 Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
3 Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։
4 Դավիթը երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց.
5 յոթ տարի վեց ամիս Հուդայի վրա թագավորեց Քեբրոնում և երեսուներեք տարի ողջ Իսրայելի ու Հուդայի վրա՝ Երուսաղեմում։
6 Դավիթն իր զորքով գնաց Երուսաղեմ, այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ։ Դավթին ասացին. «Դու այստեղ չես մտնի, նույնիսկ կույրերն ու կաղերը քեզ դեմ են կանգնել և ասում են. “Դավիթն այստեղ թող չմտնի”»։
7 Դավիթը գրավեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դավթի քաղաքն է։
8 Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել հեբուսացիներին, թող սրով հարձակվի։ Կաղերին և կույրերին ես ատում եմ»։ Դրա համար են ասում. «Կույրերն ու կաղերը չպետք է մտնեն Տիրոջ տունը»։
9 Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։
10 Դավիթը գնալով հզորանում էր, և Ամենակալ Տերը նրա հետ էր։
11 Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։
12 Դավիթը համոզվեց, որ Տերն է իրեն Իսրայելի վրա թագավոր հաստատել և իր թագավորությունը բարձրացրել իր ժողովրդի՝ Իսրայելի համար։
13 Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
14 Երուսաղեմում նրա ունեցած որդիների անունները սրանք են՝ Սամաաթ, Հեսիբաթ, Նաթան, Գաղամաան,
15 Հեբաար, Թեմեսուս, Ելփալատ, Նագեդ, Նափեկ, Հեննաթա,
16 Եղիսամիս, Բաղիգադ և Եղիփալետ։
17 Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը Իսրայելի թագավոր է օծվել, բոլորը ելան Դավթի վրա հարձակվելու։ Երբ Դավիթն այդ իմացավ, իջավ ամրոցը։
18 Այլազգիները եկան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։
19 Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը Դավթին ասաց. «Հարձակվի՛ր, քանի որ անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին»։
20 Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։
21 Նրանք այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն ու իրեն ընկերակցող մարդիկ վերցրին դրանք։
22 Այլազգիները կրկին ոտքի ելան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։
23 Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։
24 Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։
25 Դավիթն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրան։ Եվ նա կոտորեց այլազգիներին Գաբավոնից մինչև Գազերա։