Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 3

:
Armenian - NEA
1 Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
2 Քեբրոնում Դավիթը որդիներ ունեցավ։ Նրա անդրանիկը հեզրայելացի Աքինոոմից ծնված Ամովնն էր,
3 երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնված Դավիան էր, երրորդը Գեսուրի արքա Թողմիի դուստր Մաաքայից ծնված Աբեսաղոմն էր,
4 չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր,
5 վեցերորդը Դավթի Եգղաթա կնոջից ծնված Հեթրամն էր։ Դավիթն այս որդիներին ունեցավ Քեբրոնում։
6 Երբ Սավուղի տան և Դավթի տան միջև պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սավուղի տունն էր կառավարում։
7 Սավուղն ուներ մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Հուղի դուստրն էր։ Սավուղի որդի Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես պառկում իմ հոր հարճի հետ»։
8 Աբենները, խիստ բարկանալով Հեբուսթեի խոսքի համար, նրան ասաց. «Մի՞թե ես շան գլուխ եմ։ Քո հոր տան, նրա եղբայրների ու բարեկամների հանդեպ այսօր ողորմություն գործեցի և չլքեցի ձեզ ու Դավթի տան կողմը չանցա։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրեժ ես լուծում։
9 Աստված Աբեններին այսպես ու սրանից ավելին թող անի, եթե Դավթին չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան՝ ասելով.
10 “Թագավորությունը վերցնելու եմ Սավուղից և Դավթի թագավորությունն եմ հաստատելու Իսրայելի ու Հուդայի երկրի վրա Դանից մինչև Բերսաբեե”»։
11 Հեբուսթեն վախից այլևս չկարողացավ պատասխան տալ Աբեններին։
12 Աբենները, անմիջապես պատգամավորներ ուղարկելով Թեսաղմի երկիր՝ Դավթի մոտ, ասաց. «Ինձ հետ քո ո՛ւխտը կնքիր, և ես քեզ կօգնեմ ամբողջ Իսրայելը քո կողմը դարձնելու համար»։
13 Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։
14 Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։
15 Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին առավ իր ամուսնուց՝ Սելլայի որդի Փաղտիելից։
16 Նրա ամուսինը լալով գնաց նրա հետևից մինչև Բարակիմ։ Աբենները նրան ասաց. «Հե՛տ դարձիր»։ Եվ նա հետ դարձավ։
17 Աբենները, խոսելով Իսրայելի ծերերի հետ, ասաց. «Երկար ժամանակ խնդրում էիք, որ Դավիթը թագավորի ձեզ վրա։
18 Հիմա իրագործե՛ք, քանզի Տերը, խոսելով Դավթի մասին, ասել է. “Իմ ծառա Դավթի ձեռքով եմ փրկելու Իսրայելը այլազգիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։
19 Աբեններն այս բանն ասաց Բենիամինի որդիներին։ Աբենները գնաց Քեբրոն՝ Դավթին հայտնելու այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
20 Աբենները քսան մարդկանցով եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ, և Դավիթն Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք կազմակերպեց։
21 Աբեններն ասաց Դավթին. «Գնամ և ամբողջ Իսրայելին հավաքեմ իմ տեր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ կապեմ, և դու թագավորես բոլոր նրանց վրա, որոնց ցանկանա քո անձը»։ Դավիթն Աբեններին հետ ուղարկեց, և նա գնաց խաղաղությամբ։
22 Դավթի մարդիկ և Հովաբը եկան ասպատակությունից՝ իրենց հետ բազում ավար բերելով։ Հովաբը Քեբրոնում՝ Դավթի մոտ չէր, երբ Աբեններին արձակել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։
23 Հովաբն ու նրա ամբողջ զորքը եկան։ Հովաբին հայտնեցին, թե Ների որդի Աբենները եկել է Դավթի մոտ, որն արձակել է նրան, և նա գնացել է խաղաղությամբ։
24 Հովաբը, մտնելով Դավիթ արքայի մոտ, ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մոտ, և դու ինչո՞ւ նրան խաղաղությամբ արձակեցիր։
25 Մի՞թե չգիտես Ների որդի Աբենների չարությունը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը և տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։
26 Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից, պատգամավորներ ուղարկեց Աբենների հետևից, որոնք նրան վերադարձրին Սեիրմի ջրհորից։ Դավիթն այդ մասին չգիտեր։
27 Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
28 Դրանից հետո Դավիթը, իմանալով այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Տիրոջ առաջ հավիտյան անպարտ ենք Ների որդի Աբենների արյան համար։
29 Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։
30 Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։
31 Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։
32 Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղավ նրա գերեզմանի վրա։ Աբենների համար լաց էր լինում նաև ամբողջ ժողովուրդը։
33 Արքան, Աբեններին ողբալով, ասում էր. «Մի՞թե Աբենները պիտի մեռներ այնպես, ինչպես անմիտն է մեռնում։
34 Քո ձեռքերը կապված չէին, քո ոտքերը շղթայված չէին։ Քեզ չբերեցին, ինչպես Նաբաղին էին բերել, այլ ընկար, ինչպես մեկն է ընկնում անիրավ մարդկանց առջև»։ Ամբողջ ժողովուրդը հավաքվեց նրան ողբալու։
35 Քանի դեռ ցերեկ էր, ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որ նա ճաշի, սակայն Դավիթը երդվելով ասաց. «Աստված ինձ այսպես և այսպես ու ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որևէ բան ուտեմ»։
36 Ամբողջ ժողովուրդն իմացավ այդ, նրան հաճելի թվաց այն ամբողջ բարությունը, որ արքան գործել էր ժողովրդի համար։
37 Եվ ողջ Իսրայելն այդ օրն իմացավ, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանությունը։
38 Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտե՞ք, որ այսօր Իսրայելի մի մեծ առաջնորդ ընկավ,
39 որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։