2 Samuel 24
1 Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա։ Նա Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա հաշվառո՛ւմ կատարիր Իսրայելում և Հուդայի երկրում»։
2 Արքան իր մոտ գտնվող զորքի հրամանատար Հովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, ժողովրդի հաշվառո՛ւմ կատարիր, որ գիտենամ նրանց թիվը»։
3 Հովաբն արքային ասաց. «Տերը թող ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի, ու դա թող տեսնեն իմ տեր արքայի աչքերը, բայց իմ տեր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։
4 Արքան իր ասածը պարտադրեց Հովաբին ու զորքի հրամանատարներին։ Հովաբն ու զորքի բոլոր հրամանատարները ելան արքայի մոտից, որ Իսրայելի ժողովրդի հաշվառում անցկացնեն։
5 Նրանք անցան Հորդանան գետը և կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջև է։
6 Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասե, հասան Դան ու Սիդովնի շրջակայքը։
7 Նրանք անցան Տյուրոսի Մափսար բնակավայրը և քանանացիների ու խևացիների բոլոր քաղաքները, հարավի կողմից եկան Հուդայի երկիր ու Բերսաբեե։
8 Ամբողջ երկիրը շրջեցին և ինն ամիս քսան օր լրանալուց հետո եկան հասան Երուսաղեմ։
9 Հովաբը մարդահամարի տվյալները հանձնեց արքային. Իսրայելն ուներ ութ հարյուր հազար սուսերակիր զինվոր, իսկ Հուդայի երկիրը՝ հինգ հարյուր հազար մարտիկ։
10 Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։
11 Երբ Դավիթն առավոտյան զարթնեց, Տերը Դավթին ուղղված խոսք ասաց տեսանող մարգարե Գադի միջոցով։ Տերն ասաց.
12 «Գնա խոսի՛ր Դավթի հետ և նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից մեկը, և դա էլ կկատարեմ”»։
13 Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց ու ասաց. «Ընտրի՛ր, որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում։ Արդ, մտածի՛ր ու ասա՛, թե ի՛նչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին»։
14 Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
15 Ցորենը հնձելու օրերն էին։ Եվ Տերն Իսրայելին մահ ուղարկեց առավոտից մինչև ճաշի ժամ։ Մահ սկսվեց ժողովրդի մեջ. Դանից մինչև Բերսաբեե յոթանասուն հազար մարդ մեռավ։
16 Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղեմի վրա, որ ոչնչացնի այն, սակայն Տերն այդ պատուհասները բավարար համարեց և ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, ձեռքդ հե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։
17 Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
18 Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։
19 Գադի խոսքերին անսալով՝ Դավիթը գնաց, ինչպես Տերն էր պատվիրել։
20 Երբ Ոռնան տեսավ իր մոտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց և երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետնին ընկնելով։
21 Ոռնան ասաց. «Իմ տեր արքան ինչո՞ւ է եկել իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, և դադարի ժողովրդի կոտորածը»։
22 Ոռնան Դավթին ասաց. «Թող իմ տեր արքան առնի ու Տիրոջը զոհ մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահավասիկ եզներ ողջակեզի համար և անիվներ ու եզների լծասարք՝ փայտի փոխարեն»։
23 Ոռնան, ամեն ինչ տալով արքային, նրան ասաց. «Թող Տերը՝ քո Աստվածը, քեզ օրհնի»։
24 Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։
25 Դավիթն այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց և նրա վրա ողջակեզներ ու հաշտության զոհեր մատուցեց։ Հետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետև նախկինը փոքր էր։ Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և Իսրայելից կոտորածը դադարեց։