2 Samuel 23
1 Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
2 Տիրոջ հոգին իմ մեջ խոսեց, նրա խոսքն իմ լեզվի վրա է։
3 Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
4 ինչպես առավոտյան լույսին”։ Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։
5 Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն.
6 նրանք նման են մերժված փշերի, որոնք ձեռքով չեն բռնվում,
7 և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
8 Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։
9 Նրանից հետո գալիս է Եղեանանը՝ նրա հորեղբորորդին, սոսացու որդին, որը Դավթի երեք զորավարներից մեկն էր։ Երբ Ռեմայում նա հրահրեց այլազգիներին, սրանք պատերազմի հավաքվեցին, և նա խրախուսեց Իսրայելի մարդկանց։
10 Նա վեր կացավ ու այլազգիներին այնքան հարվածեց, որ ձեռքը կպած էր մնացել սրի կոթին։ Տերն այդ օրը մեծ փրկություն պարգևեց։ Զորքը մնաց, բայց միայն դիակապտության համար։
11 Նրանից հետո գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հավաքվել էին Ծնոտ կոչվող վայրում։ Այնտեղ կար մի դաշտ, որտեղ առատ ոսպ էր ցանված։ Զորքը փախավ այլազգիների առաջից,
12 իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։
13 Երեսուն զորավարներից երեքը գնացին Կասովա՝ Ոդողոմի քարայրը, Դավթի մոտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։
14 Դավիթն այն ժամանակ ամրոցում էր։ Իսկ այլազգիների բանակատեղին Բեթղեհեմում էր։
15 Դավիթը ջուր խմելու ցանկություն ունեցավ և ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհեմի դարպասի մոտ գտնվող ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։ Այլազգիների գնդերը Բեթղեհեմում էին։
16 Երեք զորավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհեմի դարպասի մոտ գտնվող ջրհորից, առան ու եկան Դավթի մոտ։ Սակայն նա չուզեց խմել այն, այլ նվիրեց Տիրոջը՝
17 ասելով. «Քա՛վ լիցի ինձ, ո՜վ Տեր, որ այդ բանն անեմ։ Մի՞թե ես կխմեմ իրենց կյանքը վտանգող մարդկանց արյունը»։ Եվ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զորավարները։
18 Աբեսսան՝ Հովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, երեքի գլխավորն էր։ Նա իր նիզակով երեք հարյուր հակառակորդ էր սպանել։
19 Նա անվանի էր երեքի մեջ, նրանցից ավելի փառավորված, նրանց գլխավորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասավ։
20 Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։
21 Նա էր սպանել եգիպտացի հաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան հիշեցնող մի նիզակ։ Նա նիզակով հարձակվելով այդ մարդու վրա՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանել նրան։
22 Այս բանն արել էր Հովիդայեի որդին՝ Բանեան։ Նա անվանի էր երեք զորավարների մեջ։
23 Նա երեքից ամենից փառավորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դավիթը նրան իր շտեմարանների վերակացու էր նշանակել։
24 Սրանք են Դավիթ արքայի զորավարների անունները. Հովաբի եղբայր Ասայել, որը երեսուն զորավարներից մեկն էր։ Բեթղեհեմում ապրող նրա հորեղբոր՝ Ելիուդի որդի Եղեանան,
25 ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ,
26 փեղղատացի Աղղաս, թեկուացի Եսկաթի որդի Իրաս,
27 ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր,
28 աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերե,
29 Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անաովե, եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,
30 Աբիեղբոն՝ դաշտավայրերից, Ադդայի Նաքաղացի,
31 ղադաբարացի Գասբիե, բարասամացի Ասմոն,
32 սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդիները, Հովնաթան,
33 արոդացի Սամնան, արաթիրացի Արեդի որդի Եղիա,
34 ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ, գաղամովնացի Աքիտոփելի որդի Եղիաբ,
35 կարմեղացի Ասարե, երքացի Տուուր,
36 Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տեր գաղաադացու որդի էր,
37 ամովնացի Եղիե, Շարուհիի որդի Հովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորե,
38 հեթերացի Իրաս, բեթանացի Գարեի,
39 քետացի Ուրիա։ Ընդամենը՝ երեսունյոթ հոգի։