Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 22

:
Armenian - NEA
1 Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
2 «Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը։
3 Թող Աստված ինձ պահապան լինի. ես նրան եմ ապավինել։ Նա է իմ հովանավորը, իմ փրկության եղջյուրը, իմ պաշտպանն ու իմ փրկության ապավենը։ Անիրավ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տե՜ր։
4 Օրհնյալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատվեմ իմ թշնամիներից։
5 Ինձ պաշարեցին մահվան կործանումները, ինձ խռովեցրին անօրենության հեղեղները։
6 Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներն ինձ հասան։
7 Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, և նա իր սուրբ տաճարից կլսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին կհասնի։
8 Երկիրը նայեց, ալեկոծվեց ու ցնցվեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալվեցին, քանի որ Տերը բարկացել էր դրանց վրա։
9 Նրա բարկությունից ծուխ ելավ, ու նրա բերանից՝ լափող հուր։ Նրանից կայծակներ արձակվեցին,
10 նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ։ Մառախուղ կար նրա ոտքերի տակ։
11 Նա նստեց քերովբեների վրա ու թռավ, և երևաց հողմերի թևերի վրա։
12 Նա իրեն խավարով պատեց, խավարով ծածկեց իր խորանը ու ջրերի խավարով թանձրացրեց երկնի ամպերը։
13 Նրա առաջ եղած լույսի ցոլքից հրե կայծակներ բորբոքվեցին։
14 Տերը երկնքից որոտաց, ու Բարձրյալը ձայն տվեց։
15 Նա իր նետերն արձակեց ու ցրեց դրանք, փայլատակումներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց նրանց։
16 Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։
17 Բարձունքներից ուղարկեց և ինձ դուրս բերեց հորդառատ ջրերից։
18 Նա ինձ կորզեց իմ թշնամիների և ինձ ատողների բռնությունից, քանզի նրանք ինձանից ավելի զորավոր եղան։
19 Նեղ օրեր հասան ինձ վրա, սակայն Տերն ինձ նեցուկ եղավ։
20 Նա ինձ դուրս բերեց անդորրություն ու փրկեց ինձ, քանզի սիրեց ինձ։
21 Տերն ինձ հատուցեց ըստ իմ արդարության, Տերն ըստ իմ ձեռքերի մաքրության պիտի հատուցի ինձ։
22 Ես պահել եմ Տիրոջ ճանապարհները և իմ Աստծու դեմ ամբարշտություն չեմ գործել։
23 Նրա բոլոր օրենքներն իմ առաջ են, և ես նրա պատգամներից չեմ շեղվել։
24 Նրա առաջ անբիծ եմ եղել և նախօրոք հեռու մնացել անօրենությունից։
25 Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու Տիրոջ աչքի առաջ ըստ իմ ձեռքերի մաքրության։
26 Սրբի հետ սուրբ կլինես, կատարյալ մարդու հետ՝ կատարյալ։
27 Ընտրյալի հետ ընտրյալ կլինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։
28 Դու կփրկես տնանկ ժողովրդին, իսկ ամբարտավանների աչքերը կխոնարհեցնես։
29 Դո՛ւ ես իմ ճրագը, Տե՜ր, դո՛ւ ես լուսավորելու իմ խավարը։
30 Որովհետև քո օգնությամբ պիտի սլանամ, ինչպես թեթև զինված մարտիկ և իմ Աստծու շնորհիվ պիտի ցատկեմ պարսպի վրայով։
31 Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։
32 Ո՞վ է հզոր, բացի քեզանից, Տե՜ր, և ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։
33 Հզոր է Տերը, որն ինձ հզորացնում է զորությամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։
34 Իմ ոտքերը եղջերուների ոտքերի նման է անում, և ինձ բարձունքների վրա է կանգնեցնում։
35 Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում և պղնձե աղեղը հաստատում իմ բազուկներում։
36 Դու ես ինձ տվել իմ փրկության վահանը, և իմ հնազանդությունը մեծացրեց ինձ։
37 Դու իմ ճամփան ընդարձակ կդարձնես, իմ սրունքները չսասանվեցին։
38 Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին, նրանց պիտի կոտորեմ ու հետ չպիտի դառնամ, մինչև իսպառ չոչնչացնեմ նրանց։
39 Ես խորտակելու եմ նրանց, ու ոտքի չեն կանգնելու։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։
40 Դու ինձ զորությամբ կգոտեպնդես, որ պատերազմեմ, և դու իմ դեմ ելնողներին իմ ձեռքը կհանձնես։
41 Դու իմ թշնամիներին ինձանից հեռու վանեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր։
42 Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։
43 Ես նրանց պիտի մանրացնեմ գետնի հողի պես և պիտի տրորեմ փողոցի ցեխի պես։
44 Դու ինձ կփրկես ժողովուրդների կռվից և ինձ կկանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանոթ ժողովուրդը ծառայեց ինձ,
45 Օտարների որդիները երբ իմ մասին լսեցին, սուտ կերպով հավատարմություն հայտնեցին ինձ։
46 Օտարների որդիները պիտի դուրս նետվեն, պիտի դուրս ընկնեն իրենց թաքստոցներից։
47 Կենդանի է Տերը, և օրհնյալ է իմ պահապանը։ Բարձրանալու է Տերը՝ իմ փրկության պահապանը։
48 Հզոր է Տերը, նա վրեժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։
49 Նա ինձ կփրկի իմ թշնամիներից և ինձ վրա հարձակվողներից ավելի վեր կդասի ինձ, անիրավ մարդուց կփրկի ինձ։
50 Այս բանի համար ազգերի մեջ պիտի գոհանամ քեզանից, Տե՜ր, և քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում։
51 Նա թագավորի փրկությունն ապահովում է և ողորմություն է անում իր օծյալին՝ Դավթին, ու նրա սերնդին մինչև հավիտյան»։