2 Samuel 21
1 Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
2 Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
3 Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։
4 Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սավուղից ու նրա ցեղից, ոչ էլ Իսրայելի այրերից մեկի մահն ենք ուզում»։ Արքան ասաց. «Հապա ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։
5 Նրանք արքային ասացին. «Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։ Որպեսզի նրանք վերանան Իսրայելի բոլոր սահմաններից,
6 մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։
7 Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։
8 Դավիթը վերցրեց Այիայի դուստր Ռեսփայի երկու որդիներին՝ Երմոնթիին ու Հեբուսթեին, որոնց նա ծնել էր Սավուղի համար, Սավուղի դուստր Մերոբի հինգ որդիներին, որ սերվել էին մոլաթացի Բերզելիի որդի Եսդրիելից,
9 և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
10 Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ վերցրեց ու գցեց ապառաժի վրա գտնվող նրանց դիակների վրա, մինչև որ երկնքից անձրև տեղաց նրանց վրա։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, ոչ էլ գիշերը՝ անապատի գազանները։
11 Դավթին հայտնեցին, թե ի՛նչ է արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սավուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, և Հովասի որդի Դանը՝ հսկաների ցեղից, հասավ նրանց վրա։
12 Դավիթը գնաց և Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Հաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն դրանք հավաքել էին Բեթսանի հրապարակից։ Այլազգիները Գեղբուեում նրանց կախել էին այն օրը, երբ հաղթել էին նրանց։
13 Նա այնտեղից հանեց Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեց նաև Բենիամինի երկրում կախվածների ոսկորները
14 և թաղեց նրանց հայր Կիսին պատկանող գերեզմանում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ արքան հրամայել էր, և Աստված դրանից հետո լսեց երկրից եկող ձայնը։
15 Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների և Իսրայելի միջև։ Դավիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դեմ։ Դավիթը հոգնեց։
16 Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։
17 Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
18 Դրանից հետո Գեթում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը սպանեց Սեփտոնին, որը Ռափայի որդիներից էր։
19 Ռովբում դարձյալ պատերազմ եղավ այլազգիների դեմ, և բեթղեհեմացի Արիոգիմի որդի Եղեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բռնակը ոստայնանկների գլան էր հիշեցնում։
20 Գեթում դարձյալ պատերազմ եղավ։ Այդ ժամանակ Մաով անունով մի մարդ կար, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝ ընդամենը քսանչորս մատ։ Նա ծնվել էր Ռափայից
21 և նախատում էր Իսրայելին։ Նրան սպանեց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը։
22 Այս չորսը ծնվել էին Ռափայի տանը՝ Գեթում, և ընկան Դավթի ու նրա մարդկանց ձեռքով։