Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 20

:
Armenian - NEA
1 Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
2 Ամբողջ Իսրայելը, Դավթից բաժանվելով, Բոքորիի որդի Սաբեեին հետևեց, իսկ Հուդայի երկրի մարդիկ իրենց թագավորի հետ Հորդանան գետի ափից գնացին մինչև Երուսաղեմ։
3 Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Թագավորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առավ և նրանց պահել տվեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցավ։ Հարճերը մինչև իրենց մահվան օրն իբրև այրի առանձնացված ապրեցին։
4 Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ կհավաքես Հուդայի երկրի մարդկանց, և դու էլ այստեղ կգաս»։
5 Ամեսային գնաց Հուդայի երկրի մարդկանց կանչելու, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։
6 Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբեեն ավելի մեծ չարիք կգործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թե ամրացված քաղաքներ գտնի և մեր աչքից կորչի»։
7 Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Հովաբի մարդիկ, քերեթիները, փելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որպեսզի հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։
8 Երբ նրանք Գաբավոնի մեծ քարի մոտ էին, նրանց դիմաց ելավ Ամեսային։ Հովաբը հագել էր իր զրահավոր թիկնոցը, դրա վրա մեջքին կապել էր պատենավոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցված։
9 Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։
10 Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։
11 Հովաբի զինվորներից մեկը եկավ ու կանգնելով Ամեսայիի մոտ՝ ասաց. «Ով սիրում է Հովաբին կամ Դավթին, թող գնա Հովաբի ու Աբեսսայի հետևից»։
12 Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մեջտեղը։ Երբ այդ մարդը տեսավ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դեպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետև տեսավ, որ ամեն ոք, ով գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։
13 Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, Իսրայելի բոլոր այրերը հետևեցին Հովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։
14 Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչև Աբել ու Բեթմաքա, և բոլոր ընտիր զինվորները հավաքվեցին ու հետևեցին նրան։
15 Նրան բռնելու համար Հովաբի մարդիկ պաշարեցին Աբելն ու Բեթմաքան և քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրև պատվար ծառայեց։ Հովաբի ամբողջ զորքը քանդում-կործանում էր պարիսպը։
16 Մի իմաստուն կին պարսպից ձայն տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, Հովաբին ասե՛ք, որ մոտ գա, ես նրա հետ պիտի խոսեմ»։
17 Հովաբը մոտեցավ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խոսքերը»։ Հովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։
18 Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խոսքեր էին ասում. “Թող գնան Աբելին ու Դանին հարցնեն, թե Իսրայելին հավատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը հաջող ավարտ կունենա՞ն”։ Անպայման պետք է Աբելին հարցնեին և այդպես էլ անում էին։
19 Ես Իսրայելի հավատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայելի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգությունը»։
20 Հովաբը պատասխան տվեց՝ ասելով. «Քա՛վ լիցի ինձ, քա՛վ լիցի, թե բնաջնջեմ ու կոտորեմ։
21 Հարցը դա չէ։ Եփրեմի լեռից Սաբեե անունով մի մարդ կա՝ Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դավիթ արքայի վրա։ Ինձ տվե՛ք միայն նրան, և ես կհեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից հիմա քեզ մոտ կընկնի»։
22 Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։
23 Հովաբն Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու փելեթիների,
24 Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Հովսափատը դիվանապետ էր,
25 Սուդայեն՝ քարտուղար, Սադովկն ու Աբիաթարը քահանաներ էին,
26 իսկ Հարիմի որդի Իրասը Դավթի քահանան էր։