Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 2

:
Armenian - NEA
1 Դրանից հետո Դավիթը, հարց տալով Տիրոջը, ասաց. «Արդյոք գնա՞մ Հուդայի քաղաքներից որևէ մեկը»։ Տերն ասաց նրան. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց՝ Քեբրոն։
2 Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինովամի և կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկավ Քեբրոն։
3 Դավիթը իր հետ վերցրեց իր մարդկանց, ամեն մեկին իր ընտանիքով, և նրանք բնակվեցին Քեբրոն քաղաքում։
4 Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։
5 Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։
6 Արդ, Տերը ձեր նկատմամբ ողորմություն և արդարություն թող անի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։
7 Թող ձեր ձեռքերը զորանան, ու դուք քաջասիրտ լինեք։ Մեռավ ձեր տերը՝ Սավուղը, և Հուդայի տունն ինձ իր վրա թագավոր է օծել»։
8 Սավուղի զորավար Աբենները՝ Ների որդին, վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին ու տարավ Մաանայիմ
9 և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
10 Սավուղի որդի Հեբուսթեն քառասուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց երկու տարի. Հուդայի տնից բացի, որ Դավթի հետ էր։
11 Քեբրոնում Հուդայի երկրի վրա Դավիթը թագավորեց յոթ տարի վեց ամիս։
12 Ների որդի Աբենները և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները Մաանայիմից եկան Գաբավոն։
13 Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
14 Աբեններն ասաց Հովաբին. «Թող կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջև»։ Հովաբն ասաց. «Թող մրցեն»։
15 Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դավթի կողմից էլ տասներկու երիտասարդներ ելան։
16 Ամեն մեկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եվ այդ տեղի անունը դրեցին Դավաճանների դաշտ, որը Գաբավոնում է գտնվում։
17 Այդ օրը սաստիկ պատերազմ եղավ, և Աբեններն ու Իսրայելի այրերը պարտվեցին Դավթի զինվորներից։
18 Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
19 Ասայելը հետապնդեց Աբեններին և նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորվեց։
20 Աբենները հետ նայեց և ասաց. «Դո՞ւ ես, Ասայե՜լ»։ Նա ասաց. «Ես եմ»։
21 Աբեններն ասաց. «Թեքվի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մեկին ու վերցրո՛ւ նրա զենքերը»։ Սակայն Ասայելը չուզեց նրան հետապնդելուց հրաժարվել։
22 Աբենները մի անգամ ևս ասաց Ասայելին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետնին չխփեմ, թե չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ Հովաբին, և ինչի՞ նման կլինի դա։ Վերադարձի՛ր քո եղբայր Հովաբի մոտ»։
23 Ասայելը չուզեց հետ կանգնել։ Աբենները նիզակով հարվածեց նրա կողին, և նիզակը զիստից դուրս եկավ։ Նա ընկավ այնտեղ ու մեռավ տեղում։ Ով Ասայելի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։
24 Հովաբն ու Աբեսսան Աբենների հետևից ընկած հետապնդում էին նրան, և երբ Գայի դիմաց, Գաբավոնի անապատի ճանապարհի վրա գտնվող Ամովնի բլուրը հասան, արևը մայր մտավ։
25 Բենիամինի որդիները, հավաքվելով Աբենների շուրջը, մի բլրի վրա կանգ առան։
26 Աբենները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թե չգիտես, որ սրա վերջը դառնություն կլինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարվեն»։
27 Հովաբն ասաց. «Կենդանի է Տերը։ Եթե դու խոսած չլինեիր, ժողովուրդն այգաբացին վեր էր կենալու, և ամեն մեկը հալածելու էր իր եղբորը»։
28 Հովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առավ, այլևս չհալածեց Իսրայելին, և պատերազմը դադարեց։
29 Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժվեցին դեպի արևելք, անցան Հորդանան գետը, ճեղքեցին ձորերն ու եկան Մաանայիմ։
30 Հովաբն Աբեններին հալածելուց հրաժարվեց, հավաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսավ, որ Դավթի մարդկանցից կոտորվել էին տասնինը մարդ և Ասայելը,
31 իսկ Դավթի զինվորները Բենիամինի որդիներից ու Աբենների մարդկանցից կոտորել էին երեք հարյուր վաթսուն մարդ։
32 Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։