2 Samuel 18
1 Դավիթն իր հետ եղած զորքի հաշվառում անցկացրեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց։
2 Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։
3 Նրանք ասացին. «Դու չպետք է դուրս գաս, որովհետև եթե փախչենք, նրանք մեզ կարևորություն չեն տա։ Կարևորություն չեն տա, եթե անգամ մեր կեսն էլ կոտորվի։ Դու մեր տասը հազար մարդու արժեքն ունես։ Արդ, լավ է, որ դու քաղաքում մնաս և մեզ օգնության հասնես»։
4 Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կանեմ»։ Եվ արքան մնաց դարպասի մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարյուրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։
5 Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։
6 Ամբողջ զորքը դուրս եկավ անտառ, Իսրայելի դեմ, և կռիվ եղավ Եփրեմի անտառում։
7 Իսրայելի զորքը պարտվեց Դավթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղավ. քսան հազար հոգի ընկավ։
8 Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։
9 Աբեսաղոմը Դավթի ծառաների դեմ դուրս եկավ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, և ջորին մի մեծ կաղնու թավ ճյուղերի տակը մտավ։ Նրա գլուխը կաղնու ճյուղերի մեջ խճճվեց, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, իսկ ջորին նրա տակից անցավ գնաց։
10 Մի մարդ տեսավ ու պատմեց Հովաբին՝ «Ահա տեսա Աբեսաղոմին՝ կաղնու ծառից կախված»։
11 Հովաբն իրեն լուր տվող մարդուն ասաց. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետնին չտապալեցիր։ Ես այսօր քեզ հիսուն սիկղ արծաթ և մի սուր կտայի»։
12 Մարդն ասաց Հովաբին. «Եթե քո ձեռքից նույնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքն արքայի որդու վրա չէի բարձրացնի, որովհետև լսեցինք, որ արքան քեզ, Աբեսսային ու Եթթիին պատվիրեց՝ ասելով. “Խնայե՛ք Աբեսաղոմ պատանյակին,
13 նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։
14 Հովաբն ասաց. «Քեզ հետ կորցնելու ժամանակ չունեմ»։ Եվ Հովաբը երեք նետ վերցրեց և դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրա։
15 Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին և խփեցին Աբեսաղոմին և սպանեցին նրան։
16 Հովաբը եղջերափող հնչեցրեց, և զորքը նրա հետ վերադարձավ, որպեսզի չհետապնդեն Իսրայելին, որովհետև Հովաբը խնայում էր զորքին։
17 Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։
18 Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։
19 Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, ավետիս տանեմ արքային, քանզի Տերն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։
20 Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր ավետիս կտանես։ Այսօր պետք չէ ավետիս տանել, քանի որ արքայի որդին մեռավ»։
21 Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։
22 Սադովկի որդի Աքիմաասը դարձյալ ասաց Հովաբին. «Ի՞նչ կլինի, եթե ես էլ վազեմ Քուսիի հետևից»։ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պետք է վազես, որդյա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի ավետիս չէ, որ օգուտ բերի»։
23 Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կլինի, եթե վազեմ»։ Հովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։
24 Դավիթը նստել էր երկու դարպասների միջև։ Պահակակետի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դեպի պարիսպը և իր հայացքը բարձրացնելով՝ տեսավ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։
25 Նա աղաղակելով այդ մասին հայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթե մենակ է, ավետիս է բերում»։ Նա գալիս, մոտենում էր։
26 Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսավ և դարպասի կողմն աղաղակելով՝ ասաց. «Ահա մի մարդ ևս մենակ վազում է»։ Արքան ասաց. «Նա էլ ավետաբեր է»։
27 Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։
28 Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետնին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛ւյն։ Օրհնյալ է Տերը՝ քո Աստվածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տեր արքայի վրա էին բարձրացրել»։
29 Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքա, երբ քո ծառա Հովաբն ինձ՝ քո ծառային, ուղարկում էր, ես միայն մեծ բազմություն տեսա։ Ես չիմացա, թե ի՛նչ կար այնտեղ»։
30 Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշվիր»։ Նա մի կողմ քաշվեց ու կանգնեց։
31 Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։
32 Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։