Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 17

:
Armenian - NEA
1 Աքիտոփելն ասաց Աբեսաղոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դավթին և գիշերով նրա դեմ ելնեմ։
2 Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։
3 Ամբողջ զորքը քեզ մոտ կբերեմ, ինչպես հարսն է իր ամուսնու մոտ գալիս, և միայն մեկ մարդու կյանքին վերջ կտամ, իսկ ամբողջ զորքը խաղաղության մեջ կլինի»։
4 Այս խոսքը ճշմարիտ թվաց Աբեսաղոմին և Իսրայելի բոլոր ծերերին։
5 Աբեսաղոմն ասաց. «Կանչե՛ք արաքացի Քուսիին, և լսենք, թե նա ի՛նչ կասի»։
6 Քուսին եկավ Աբեսաղոմի մոտ, և Աբեսաղոմը նրան հաղորդեց այն խոսքերը, որ ասել էր Աքիտոփելը։ Նա ավելացրեց. «Հետևե՞նք նրա ասածին, ապա թե ոչ, դու ի՛նքդ խորհուրդ տուր»։
7 Քուսին ասաց Աբեսաղոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։
8 Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
9 Նա հիմա թաքնված է բլուրներից մեկում կամ այլ տեղում, և եթե հարձակվենք նրա վրա, առաջինն ինքը կգրոհի, և այն ժամանակ լսողները կասեն՝ “Կոտորվել է Աբեսաղոմին հետևող ժողովուրդը”։
10 Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։
11 Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։
12 Այն ժամանակ նրա վրա կհասնենք այն տեղերից մեկում, որտեղ նրան կգտնենք. կշրջապատենք նրան, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրա մարդկանցից ոչ ոքի կենդանի չենք թողնի։
13 Իսկ եթե նա քաղաք մտնի, այն ժամանակ ամբողջ Իսրայելը, այդ քաղաքը պարաններ տանելով, նրա մարդկանց քարշ կտա մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քար էլ չի մնա»։
14 Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։
15 Արաքացի Քուսին ասաց Սադովկ ու Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելն այսպես և այսպես խորհուրդ տվեց Աբեսաղոմին ու Իսրայելի ծերերին, իսկ ես այսպիսի խորհուրդ տվեցի։
16 Արդ, շուտափույթ կերպով մա՛րդ ուղարկեք ու իմա՛ց տվեք Դավթին՝ ասելով. “Այս գիշեր անապատի հովտում մի՛ մնա, այլ անցիր գնա՛. չլինի թե արքան և ամբողջ ժողովուրդը կորստյան մատնվեն”»։
17 Հովնաթանն ու Աքիմաասը Ռովգելի աղբյուրների մոտ էին, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու հայտնեն Դավիթ արքային, որովհետև իրենք չէին կարող քաղաք մտնել ու երևալ այնտեղ։
18 Սակայն մի պատանի տեսավ նրանց ու հայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բավուրիմ ու մտան մի մարդու տուն, որտեղ գուբ կար, և այնտեղ իջան։
19 Կինը խուփն առավ ու փակեց գուբը, դրա վրա թուզ փռեց իբր չորացնելու համար, ու ոչինչ չիմացվեց։
20 Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։
21 Նրանց գնալուց հետո գբից դուրս եկան և գնացին Դավիթ արքայի մոտ ու պատմեցին՝ ասելով. «Ելե՛ք ու անցե՛ք գետը, քանի որ Աքիտոփելն այսպես ու այսպես է խորհուրդ տվել ձեր մասին»։
22 Դավիթն ու նրա հետ եղող ամբողջ ժողովուրդն առավոտյան՝ նախքան լուսանալը, ելան ու անցան Հորդանան գետը։ Ոչ ոք չմնաց, որ անցած չլիներ Հորդանան գետը։
23 Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
24 Դավիթը հասավ Մաանայիմ, իսկ Աբեսաղոմն ինքը և նրա հետ ամբողջ Իսրայելն անցան Հորդանան գետը։
25 Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։
26 Աբեսաղոմը և ամբողջ Իսրայելը բանակատեղի դրեցին Գաղաադի երկրում։
27 Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
28 բերեցին տասն անկողիններ, ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անոթներ, ցորեն, գարի, ալյուր, փոխինդ, ոլոռ, ոսպ,
29 մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր և մատուցեցին Դավթին ու նրա հետ եղած զորքին, որ ուտեն, քանի որ զորքն անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարավ։