2 Samuel 16
1 Դավիթը հազիվ էր հեռացել Հռովսից, երբ Մեմփիբոսթեի ծառա Սիբան նրան ընդառաջ եկավ բեռնավորված երկու էշերով։ Դրանց վրա կային երկու հարյուր նկանակ, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց արմավ և մի սափոր գինի։
2 Արքան Սիբային ասաց. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերն արքայի համար են, որ նստի, հացն ու արմավը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ՝ անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։
3 Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։
4 Արքան Սիբային ասաց. «Թող քո՛նը լինի ամեն ինչ, որ Մեմփիբոսթեին է պատկանում»։ Սիբան, գլուխը խոնարհելով, ասաց. «Շնորհ գտա քո առաջ, տե՛ր իմ արքա»։
5 Դավիթ արքան եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից Սավուղի տան ազգականներից մի մարդ մեջտեղ ելավ։ Դա Գերայի որդի Սեմեին էր։ Նա դուրս եկավ՝ անիծելով
6 և քարեր շպրտելով Դավթի ու ամենքի վրա, ովքեր Դավթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր քաջարիները կանգնած էին արքայի աջ ու ձախ կողմում։
7 Սեմեին, նրան անիծելով, այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արյունարբո՛ւ և անօրե՛ն մարդ։
8 Տերը Սավուղի տան թափած ամբողջ արյունը քո դեմ դարձրեց, քանի որ նրա փոխարեն դու թագավորեցիր։ Տերը քո թագավորությունը հանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանի որ դու արյունարբու ես»։
9 Շարուհիի որդի Աբեսսան Դավթին ասաց. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպես անիծում իմ տեր արքային։ Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։
10 Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։
11 Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։
12 Տերը, տեսնելով իմ տառապանքները, թերևս ինձ բարիք հատուցի այսօրվա նրա անեծքի փոխարեն»։
13 Դավիթը և իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր լեռան կողքով՝ նրան մոտիկ, գնում էր ու անիծում, նրա կողմը քարեր նետում, նրա վրա հող շաղ տալիս։
14 Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջված զորքը եկան ու հանգստացան այնտեղ։
15 Աբեսաղոմը և ողջ Իսրայելը մտան Երուսաղեմ։ Նրանց հետ էր նաև Աքիտոփելը։
16 Երբ Դավթի բարեկամ արաքացի Քուսին եկավ Աբեսաղոմի մոտ, Քուսին Աբեսաղոմին ասաց. «Կեցցե՜ արքան»։
17 Աբեսաղոմը Քուսիին ասաց. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած քո սերը, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։
18 Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպես չէ. այլ ում որ ընտրի Տերը, այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր այրերը, կգնամ նրա հետ, նրանը կլինեմ ու նրա հետ կմնամ։
19 Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես որ ծառայել եմ քո հորը, այդպես էլ կծառայեմ քեզ»։
20 Աբեսաղոմն Աքիտոփելին ասաց. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՞նչ պետք է անենք»։
21 Աքիտոփելն Աբեսաղոմին ասաց. «Մտի՛ր քո հոր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, և ամբողջ Իսրայելը թող իմանա, որ խայտառակել ես հորդ, և բոլոր քեզ հետ եղողները կքաջալերվեն»։
22 Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքի վրա, և ողջ Իսրայելի առաջ Աբեսաղոմը մտավ իր հոր հարճերի ծոցը։
23 Այն ժամանակ Աքիտոփելի խորհուրդները, որ նա տալիս էր այդ օրերին, համարվում էին Աստծուց տրված։ Այդպիսին էր Աքիտոփելի ամեն մի խորհուրդը ինչպես Դավթի, այնպես էլ Աբեսաղոմի համար։