2 Samuel 15
1 Դրանից հետո Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ և առջևից վազող հիսուն հոգի սուրհանդակ հավաքեց։
2 Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թե՝ «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»,
3 Աբեսաղոմը նրան ասում էր. «Քո գործերն արդար են ու դյուրին, բայց արքայի մոտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։
4 Աբեսաղոմը մտածում էր. «Եթե որևէ մեկն ինձ դատավոր նշանակեր այս երկրի վրա, և ամեն ոք, որ վեճ կամ դատ ունենար, ինձ մոտ գար, ես արդարությամբ կդատեի նրան»։
5 Երբ որևէ մեկը նրան էր մոտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դեպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։
6 Աբեսաղոմն այսպես էր վարվում ողջ Իսրայելի նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մոտ։ Աբեսաղոմը շահում էր Իսրայելի բոլոր մարդկանց սրտերը։
7 Չորս տարի լրանալուց հետո Աբեսաղոմն ասաց իր հորը. «Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը,
8 քանի որ Ասորիքի Գեսուր քաղաքում բնակվելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու”»։
9 Արքան նրան ասաց. «Գնա՛ խաղաղությամբ»։
10 Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։
11 Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։
12 Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դավթի խորհրդական թեկուացի Աքիտոփելին։ Շատ մարդ հավաքվեց, և մեծ բազմություն էր հետևում Աբեսաղոմին։
13 Գուժկան հասավ Դավթին, թե Իսրայելի մարդիկ անցել են Աբեսաղոմի կողմը։
14 Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։
15 Արքայի ծառաներն ասացին նրան. «Ամեն ինչ, որ մեր տեր արքան կամենա, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։
16 Թագավորը ելավ, և նրա ամբողջ տունը ոտքով գնաց նրա հետևից։ Արքան իր հարճերից տասը կին թողեց, որ տունը պահպանեն։
17 Արքան դուրս ելավ, և նրա բոլոր ծառաները ոտքով գնացին ու կանգ առան անապատում գտնվող ձիթենու մոտ։
18 Նրա բոլոր ծառաները մեկ առ մեկ անցնում էին նրա մոտով. բոլոր քերեթիները, փելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դավթի առջևից։
19 Արքան ասաց գեթացի Եթթիին. «Դո՞ւ էլ ես գալիս մեզ հետ, հե՛տ դարձիր ու մնա՛ եկող արքայի մոտ, քանի որ օտար մարդ ես դու, որ քո տեղից՝ Գեթից դուրս գալով՝ եկել ես։
20 Ինձ հետ երկար չես եղել, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թե ո՛ւր եմ գնում և ո՛ւր պիտի գնամ։ Դու հե՛տ դարձիր, քո եղբայրներին էլ հե՛տ դարձրու քեզ հետ, և Տերը քեզ ողորմություն ու արդարություն կանի»։
21 Եթթին պատասխան տվեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր արքան. որտեղ լինի իմ տեր արքան, մեռած թե կենդանի, այնտեղ կլինեմ և ես՝ քո ծառան»։
22 Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմությամբ հանդերձ։
23 Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր, ամբողջ զորքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով. արքան նույնպես անցավ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զորքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։
24 Սադովկն ու նրա հետ բոլոր ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը և այն չտարան Բեթարից, մինչև որ ամբողջ ժողովուրդն այդ քաղաքից դուրս չեկավ։
25 Արքան Սադովկին ասաց. «Աստծու տապանակը հե՛տ տար քաղաք և դի՛ր իր տեղը։ Եթե Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ հետ կդարձնի և ինձ տեսնել կտա այն և նրա վայելչությունը։
26 Բայց եթե ասի՝ “Դու ինձ հաճելի չես”, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։
27 Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։
28 Ես բանակատեղի եմ դնելու անապատի հովտում և կմնամ, մինչև որ ձեզանից լուր ստանամ»։
29 Սադովկն ու Աբիաթարը տապանակը հետ դարձրին Երուսաղեմ, և այն մնաց այնտեղ։
30 Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։
31 Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
32 Դավիթը հասավ Հռովս, որտեղ երկրպագեց Աստծուն։ Եվ ահա նրան ընդառաջ եկավ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը՝ իր պատմուճանը պատառոտած ու գլխին հող լցրած։
33 Դավիթը նրան ասաց. «Եթե ինձ հետ գաս, ինձ վրա բեռ կլինես,
34 իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։
35 Ահա քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և եթե որևէ բան լսես արքայի տնից, հայտնի՛ր Սադովկ ու Աբիաթար քահանաներին։
36 Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով ինձ հայտնե՛ք ամեն ինչ, որ կլսեք»։
37 Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, և Աբեսաղոմը մտավ Երուսաղեմ։