2 Samuel 13
1 Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
2 Ամովնը նեղվում էր այն աստիճան, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով։ Թամարը կույս էր, և Ամովնի համար դժվար էր նրան մերձենալու որևէ փորձ անել։
3 Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։
4 Նա ասաց Ամովնին. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր հյուծվում, ո՜վ արքայորդի, և ինձ չես պատմում»։ Ամովնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։
5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիվա՛նդ ձևացիր, ու երբ հայրդ գա քեզ տեսնելու, կասես նրան. “Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խավիծ տա, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։
6 Ամովնը պառկեց ու հիվանդ ձևացավ։ Արքան եկավ նրան տեսնելու։ Ամովնն ասաց արքային. «Թող իմ քույր Թամարը գա ինձ մոտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։
7 Դավիթը մարդ ուղարկեց Թամարի մոտ, և ասաց. «Գնա՛ քո եղբայր Ամովնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։
8 Թամարը գնաց իր եղբայր Ամովնի տուն, որտեղ նա պառկած էր, վերցրեց ալյուրը, խմոր շաղեց, նրա աչքի առաջ բլիթներ պատրաստեց ու եփեց դրանք։
9 Թամարն առավ տապակը և դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամովնն ասաց. «Ինձ մոտ գտնվող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք»։ Բոլորին դուրս հանեցին իր մոտից։
10 Ամովնն ասաց Թամարին. «Կերակուրը մո՛տ բեր, որ քո ձեռքից ուտեմ»։ Թամարն առավ իր պատրաստած բլիթները, տարավ իր եղբայր Ամովնի սենյակը
11 ու մոտեցրեց նրան, որ ուտի։ Նա բռնեց նրան և ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյր իմ»։
12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։
13 Ես ինչպե՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Արդ, խոսի՛ր արքայի հետ, և նա չի հրաժարվի ինձ քեզ տալուց»։
14 Ամովնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնություն գործադրեց և պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։
15 Ամովնը դրանից հետո շատ մեծ ատելությամբ լցվեց Թամարի դեմ, այնպես որ ավելի մեծ էր ատելությունը, որով ատեց նրան, քան նախկին սերը, որով սիրել էր։ Ամովնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։
16 Թամարը նրան ասաց. «Դուրս քշելով ինձ՝ ավելի մեծ չարիք ես գործում, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Սակայն Ամովնը չուզեց լսել նրան.
17 կանչեց իր տան վերակացու սպասավորին և ասաց նրան. «Դո՛ւրս հանիր սրան իմ մոտից և դուռը փակի՛ր նրա հետևից»։
18 Թամարի վրա գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգոտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագավորների կույս դուստրերը։ Սպասավորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա հետևից։
19 Թամարը մոխիր վերցրեց և լցրեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգոտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին և լաց լինելով գնաց։
20 Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թե քո եղբայր Ամովնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, որովհետև նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»։ Եվ Թամարը, որպես այրի, բնակվեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։
21 Արքան լսեց այս բաները և խիստ բարկացավ, սակայն չվրդովեց իր որդի Ամովնի հոգին, որովհետև սիրում էր նրան, քանի որ նա իր անդրանիկ որդին էր։
22 Աբեսաղոմը Ամովնի մասին վատ կամ լավ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամովնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
23 Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։
24 Աբեսաղոմը եկավ արքայի մոտ և ասաց նրան. «Ահավասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն»։
25 Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդյա՛կ իմ, ամենքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ և օրհնեց նրան։
26 Աբեսաղոմն ասաց. «Այդ դեպքում գոնե ինձ հետ թող գա իմ եղբայր Ամովնը»։ Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գա քեզ հետ»։
27 Աբեսաղոմը պնդեց, և արքան նրա հետ ուղարկեց Ամովնին ու իր բոլոր որդիներին։ Աբեսաղոմը թագավորավայել խրախճանք սարքեց։
28 Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։
29 Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
30 Մինչ նրանք ճանապարհին էին, գույժ հասավ Դավթին, թե Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին և նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։
31 Ելավ արքան, իր հագուստները պատառոտեց ու ընկավ գետնին։ Բոլոր ծառաները, որ նրա շուրջն էին, նույնպես պատառոտեցին իրենց հագուստները։
32 Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
33 Արդ, թող իմ արքան այդ բանն իր սրտին մոտիկ չընդունի և չասի. “Արքայի բոլոր որդիները մեռան”։ Միայն Ամո՛նը մեռավ»։
34 Եվ Աբեսաղոմը փախավ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ մի խումբ մարդիկ են գալիս լեռան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկավ ու պատմեց արքային՝ ասելով. «Որոնիմի ճանապարհին՝ լեռան լանջին, մարդկանց տեսա»։
35 Հովնադաբն ասաց արքային. «Ահա արքայի որդիներն են գալիս։ Ինչ որ ասաց քո ծառան, այդպես էլ եղավ»։
36 Երբ նա խոսքը վերջացրեց, ահա եկան արքայի որդիները և իրենց ձայնը բարձրացնելով՝ լաց եղան։ Արքան էլ, իր բոլոր ծառաների հետ հեկեկալով, լաց եղավ։
37 Աբեսաղոմը փախավ ու գնաց Գեսուրի արքա Եմիուդի որդի Թոլմելեմի մոտ, Մաքուլի երկիրը։ Դավիթն ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար,
38 իսկ Աբեսաղոմը փախել ու գնացել էր Գեսուր, որտեղ մնաց երեք տարի։
39 Դավիթ արքայի զայրույթը Աբեսաղոմի դեմ հանդարտվեց, որովհետև նա մխիթարվել էր մեռած Ամովնի համար։