Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 12

:
Armenian - NEA
1 Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։
2 Հարուստն ուներ շատ ու շատ հոտեր ու նախիրներ,
3 իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ձեռք էր բերել, խնամում ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. կարծես նրա դուստրն էր։
4 Այդ հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ։ Հարուստը չուզեց իր հոտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հյուրասիրի իր մոտ եկած անցորդին, վերցրեց աղքատի գառնուկը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։
5 Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։
6 Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։
7 Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից,
8 քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, կարող էի ավելին անել”։
9 Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
10 Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
11 Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։
12 Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայելի աչքի առաջ, օրը ցերեկով”»։
13 Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի,
14 բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։
15 Նաթանը գնաց իր տուն, և Տերը հարվածեց Դավթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, որը հիվանդացավ։
16 Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։
17 Պալատականները ելան գնացին նրա մոտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ և նրանց հետ հաց չկերավ։
18 Երբ յոթերորդ օրը մանուկը մեռավ, ծառաները վախենում էին Դավթին հայտնել, որ մանուկը մեռավ, քանի որ ասում էին. «Մանուկը քանի դեռ կենդանի էր, խոսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպե՞ս ասենք, թե մանուկը մեռավ։ Նա չարիք կգործի»։
19 Դավիթը տեսավ, որ ծառաները փսփսում են, հասկացավ, որ մանուկը մահացել է, և ասաց ծառաներին. «Մի՞թե մանուկը մեռավ»։ Նրանք ասացին՝ «Մեռավ»։
20 Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։
21 Ծառաները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջվում, իսկ երբ մանուկը մեռավ, վեր կացար, կերար ու խմեցիր»։
22 Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
23 Հիմա որ մանուկը մեռավ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թե կարող եմ նրան վերադարձնել։ Ես եմ նրա մոտ գնալու, իսկ նա ինձ մոտ չի վերադառնա»։
24 Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբեեին։ Դավիթը գնաց նրա մոտ, պառկեց նրա հետ, կինը հղիացավ ու ծնեց որդի։ Դավիթը նրա անունը Սողոմոն դրեց։ Տերը սիրեց նրան,
25 Նաթան մարգարեի միջոցով պատգամ հղեց, և նա մանկան անունը ի սեր Տիրոջ Հեդեդի դրեց։
26 Հովաբը Ռաբաթում պատերազմում էր ամովնացիների դեմ և գրեթե գրավել էր թագավորանիստ քաղաքը։
27 Հովաբը պատգամաբերներ ուղարկեց Դավթին և ասաց. «Ռաբաթի դեմ պատերազմել եմ և գրեթե գրավել ջրերի քաղաքը։
28 Արդ, հավաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու գրավի՛ր այն, որպեսզի ե՛ս գրաված չլինեմ քաղաքը, և իմ անունը չկապվի դրա հետ»։
29 Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրավեց այն։
30 Նա նրանց թագավոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր և զարդարված էր թանկարժեք քարերով։ Դավիթն այն իր գլխին դրեց։ Նա քաղաքից խիստ շատ ավար տարավ։
31 Դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթե կացինների աշխատանքների, գործի դրեց աղյուսի փռում։ Նա այսպես վարվեց նաև ամովնացիների բոլոր քաղաքներում։ Դավիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո վերադարձան Երուսաղեմ։