2 Samuel 10
1 Դրանից հետո մեռավ ամովնացիների արքան, և նրա որդի Անոնը թագավորեց նրա փոխարեն։
2 Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։
3 Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։
4 Եվ նա Դավթի ծառաներին բռնեց, նրանց մորուքները ածիլեց և նրանց հագուստները մեջտեղից մինչև ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։
5 Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։
6 Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։
7 Այդ լսելով՝ Դավիթ արքան Հովաբին ընտիր զորքով ուղարկեց նրանց դեմ։
8 Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։
9 Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, Իսրայելից ընտրեց երիտասարդներ և ասորիների դեմ ճակատ կազմեց։
10 Զորքի մնացած մասը նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամովնացիների դեմ։
11 Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնության կհասնեք, իսկ եթե ամովնացիները քեզ նեղեն, մենք օգնության կհասնենք։
12 Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
13 Հովաբն իր զորքով պատերազմի ելավ ասորիների դեմ, և ասորիները փախան նրա առաջից։
14 Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք ևս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Հովաբը ամովնացիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ։
15 Երբ ասորիները տեսան, որ պարտվեցին Իսրայելից, մեկտեղ հավաքվեցին։
16 Ադրաազարը մարդ ուղարկեց և գետի այն կողմի ասորիներին հավաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, և Սովբակը Ադրաազարի զորքի գլուխն անցավ։
17 Դավթին հայտնեցին այդ մասին։ Նա հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանան գետը և հասավ Քաղամակ։ Ասորիները Դավթի դիմաց գնդեր հանեցին ու պատերազմեցին նրա դեմ։
18 Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։
19 Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները երբ տեսան, որ իրենք Իսրայելից պարտություն են կրել, անձնատուր եղան, Իսրայելի հետ հաշտության ուխտ կնքեցին և նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետև ամովնացիներին օգնել։