Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 1

:
Armenian - NEA
1 Սավուղի մահից և ամաղեկացիներին կոտորելուց հետո Դավիթը վերադարձավ ու երկու օր մնաց Սիկելակում։
2 Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։
3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայելի բանակատեղիից»։
4 Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախավ, շատերը վիրավոր ընկան ու մեռան։ Մեռան նաև Սավուղն ու Հովնաթանը»։
5 Դավիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ինչպե՞ս գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։
6 Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպվածով Գեղբուա լեռան վրա էի գտնվում և տեսա, որ ահա Սավուղն ընկել էր իր նիզակի վրա, և թշնամու մարտակառքերն ու հեծյալները հասել էին նրան։
7 Նա հետ նայեց և ինձ տեսնելով՝ իր մոտ կանչեց։ Ասացի. “Ահա այստեղ եմ”։
8 Նա ասաց ինձ. “Ո՞վ ես դու”։ Ասացի՝ “Ամաղեկացի եմ”։
9 Նա ասաց ինձ. “Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Թեև անհուն մութը պատել է ինձ, բայց շունչս դեռ վրաս է”։
10 Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետև գիտեի, որ նիզակի վրա ընկնելուց հետո չէր ապրելու։ Առա նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից և դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»։
11 Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։
12 Նրանք ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին Սավուղի, նրա որդի Հովնաթանի, Հուդայի ժողովրդի ու Իսրայելի տան համար, որ ընկան սրով։
13 Դավիթն իրեն լուր բերող երիտասարդին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ ես»։
14 Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծյալին»։
15 Իր ծառաներից մեկին կանչելով՝ Դավիթն ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարվածեց, ու մարդը մեռավ։
16 Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
17 Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի վրա այս ողբը հորինեց
18 և պատվիրեց այն, որ Աղեղնավորության երգ է կոչվում, ուսուցանել Հուդայի որդիներին։ Այն գրված է Ուղղության գրքում։
19 Քարացի՛ր, ո՜վ Իսրայել. բարձունքներում բլուրներ կազմեցին քո սպանվածների դիերը. ինչպե՞ս ընկան հզորները։
20 Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
21 Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
22 Հովնաթանի աղեղը վիրավորների արյունից ու հզորների ճարպից պարապ հետ չքաշվեց, իսկ Սավուղի սուրը դատարկ պատյան չդրվեց։
23 Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
24 Իսրայելի՜ դուստրեր, լա՛ց եղեք Սավուղի վրա, լա՛ց եղեք նրա վրա, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր գցում։
25 Հզորներն ինչպե՞ս ընկան պատերազմի մեջ։ Հովնաթա՜ն, քո բարձունքների վրա խոցվեցիր։
26 Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։
27 Ինչպե՞ս ընկան հզորները, և կորչեցին պատերազմի զենքերը։