2 Peter 1
1 Սիմոն Պետրոսը՝ ծառան և առաքյալը Հիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նույն պատվական հավատին՝ մեր Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի արդարությամբ։
2 Շնո՜րհ ձեզ, և թող շատանա խաղաղությունը Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտությամբ։
3 Ինչքան որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինությանը,
4 այդքան էլ դրանցով մեծամեծ ու թանկագին խոստումներ պարգևեց մեզ, որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը և հեռու մնաք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից։
5 Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,
6 գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ,
7 աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ, և եղբայրասիրությունը՝ սիրով։
8 Երբ այս ամենն ունենաք և դրանով հարստանաք, այն ձեզ դատարկ և անպտուղ չի թողնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտության մեջ։
9 Իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես և մոռացել է իր նախկին հանցանքներից մաքրված լինելը։
10 Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի,
11 քանի որ այսպիսով ամբողջապես մուտք պիտի շնորհվի ձեզ դեպի մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։
12 Ահա թե ինչու պատրաստ եմ միշտ հիշեցնելու ձեզ այս բաները, առավել ևս գիտակներին և այդ ճշմարտությանը վերահասու եղածներին ու նրանում հաստատվածներին,
13 քանի որ իրավունք եմ համարում, քանի դեռ այս մարմնի մեջ եմ, արթուն պահել ձեզ հիշեցումներով՝
14 իմանալով, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ հայտնեց։
15 Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։
16 Ոչ թե շինծու առասպելների հետևից գնալով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ հենց մենք ականատես եղանք նրա մեծությանը.
17 քանի որ Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որին տվեցի իմ ամբողջ բարեհաճությունը»։
18 Երկնքից եկող այս ձայնը լսեցինք հենց մենք, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրա։
19 Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։
20 Բայց նախ այս բա՛նն իմացեք, որ Սուրբ Գրքի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի,
21 քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։