Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 8

:
Armenian - NEA
1 Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։
2 Կինը վեր կացավ և արեց այնպես, ինչպես Եղիսեեն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին և յոթ տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։
3 Յոթ տարին լրանալուց հետո կինը վերադարձավ այլազգիների երկրից և իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մոտ։
4 Թագավորը, խոսելով Աստծու մարդ Եղիսեեի սպասավոր Գեեզիի հետ, ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսեեի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։
5 Երբ նա պատմում էր արքային, թե Եղիսեեն ինչպես էր կենդանացրել մեռյալ որդուն, առաջ եկավ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեեն, և արքային ասաց իր տան և արտերի մասին։ Գեեզին ասաց. «Տե՜ր արքա, սա է այդ կինը, և սա էլ՝ նրա որդին, որին Եղիսեեն կենդանացրեց»։
6 Արքան հարցեր տվեց կնոջը, և նա պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցվածքը և արտերի այն ամբողջ բերքը, որ ստացվել է նրա պանդխտության առաջին օրից մինչև այսօր»։
7 Եղիսեեն եկավ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիվանդացել էր։ Նրան այդ մասին հայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։
8 Արքան ասաց Ազայելին. «Մի ընծա՛ վերցրու, ընդառա՛ջ գնա Աստծու մարդուն, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թե կբուժվե՞մ արդյոք իմ այս հիվանդությունից»։
9 Ազայելը վերցրեց ընծան և Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրա բարձելով՝ նրան ընդառաջ գնաց։ Կանգնելով նրա առջև՝ նա ասաց. «Ո՜վ հայր Եղիսեե, քո որդին՝ ասորիների արքա Ադերի որդին, ինձ քեզ մոտ է ուղարկել՝ ասելով. “Արդյոք կբուժվե՞մ իմ այս հիվանդությունից”»։
10 Եղիսեեն ասաց նրան. «Գնա ասա՛, որ կապրի, թեև Տերն ինձ ցույց է տվել, որ կմեռնի»։
11 Պատկառելով կանգնեց նրա առջև, և Աստծու մարդը լաց եղավ։
12 Ազայելը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ»։ Եղիսեեն ասաց. «Գիտեմ, որ իսրայելացիների դեմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, հղիների փորը պիտի պատռես»։
13 Ազայելն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսեեն ասաց. «Տերն ինձ հայտնեց, որ դո՛ւ պիտի թագավորես ասորիների վրա»։
14 Ազայելը գնաց Եղիսեեի մոտից և մտավ իր տիրոջ մոտ ու հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսեեն»։ Նա պատասխանեց. «Ինձ ասաց՝ “Անպայման կապրես”»։
15 Հետևյալ օրը նա մի սավան վերցրեց, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռավ։ Նրա փոխարեն թագավորեց Ազայելը։
16 Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության հինգերորդ տարում Հուդայի թագավոր եղավ Հովսափատ արքայի որդի Հովրամը։
17 Երբ նա գահ բարձրացավ, երեսուներկու տարեկան էր և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։
18 Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,
19 սակայն Տերը չկամեցավ ոչնչացնել Հուդայի երկիրն իր ծառա Դավթի սիրուն, որովհետև նրան և նրա սերնդին խոստացել էր ճրագ տալ միշտ։
20 Նրա օրոք Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ և իր համար առանձին մի թագավոր օծեց։
21 Հովրամն իր բոլոր մարտակառքերով եկավ Սիովր, բայց շրջապատվեց եդովմացիների կողմից։ Առավոտյան՝ լույսը չբացված, կարողացավ մարտակառքերի զորավարների հետ ճեղքել պաշարումը։ Այսպիսով նրանք վերադարձան իրենց վրանները։
22 Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։
23 Հովրամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
24 Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։
25 Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության տասներկուերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։
26 Երբ Օքոզիան թագավոր դարձավ, քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Իսրայելի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։
27 Նա ընթացավ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։
28 Նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Հովրամին։
29 Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։