Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 7

:
Armenian - NEA
1 Եղիսեեն ասաց. «Տիրոջ խո՛սքը լսեք։ Այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ ճերմակ ալյուրը մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պետք է արժենա”»։
2 Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։
3 Քաղաքի դարպասի մոտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչև մեր մահը։
4 Եթե ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կմեռնենք. եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե սպանեն մեզ, թող մեռնենք»։
5 Նրանք մթնշաղին վեր կացան, որպեսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։
6 Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
7 Եվ նրանք ելան ու մթության մեջ փախան՝ թողնելով իրենց բանակի վրանները, ձիերն ու էշերը, ինչպես որ կային։ Նրանք մազապուրծ փախան։
8 Բորոտները հասան մինչև բանակատեղիի եզրը, մի վրան մտան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի ու հագուստներ վերցրին, գնացին և տարան թաքցրին դրանք։ Մեկ այլ վրան մտան և այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։
9 Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր ավետյաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչև առավո՞տ սպասենք, որ մեր անօրենության պատիժը կրենք։ Եկե՛ք գնանք թագավորի մոտ և այս ամենը հայտնենք նրան»։
10 Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
11 Դռան պահապանները ձայն տվեցին և այդ լուրը հասցրին թագավորի տուն։
12 Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։
13 Նրա ծառաներից մեկն ասաց. «Թող մարդիկ Իսրայելի մեջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք»։
14 Արքան երկու ձիավոր ուղարկեց ասորիների արքայի հետևից՝ ասելով. «Գնացե՛ք ու հետախուզե՛ք»։
15 Սրանք նրանց հետքերով գնացին մինչև Հորդանան գետը և տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով և իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախույզները վերադարձան ու պատմեցին արքային։
16 Ժողովուրդը եկավ և կողոպտեց ասորիների բանակատեղին։ Մեկ գրիվ ճերմակ ալյուրն արժեցավ մեկ սիկղ, իսկ երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ, ինչպես ասել էր Տերը։
17 Արքան դռան առջև հսկիչ կարգեց այն զորապետին, որի ձեռքին հենվում էր ինքը։ Խռնված ժողովուրդը դռան մոտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ որ պատգամավորը նրա մոտ էր եկել։
18 Եղավ այնպես, ինչպես Եղիսեեն ասել էր արքային. «Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ երկու գրիվ գարին մի սիկղ կլինի, և մեկ գրիվ նաշիհը՝ մի սիկղ»։
19 Իսկ զորապետը պատասխանել էր Եղիսեեին. «Տերը եթե անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Այդ ժամանակ Եղիսեեն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։
20 Այդպես էլ եղավ. և խուռն ամբոխը դռան առաջ կոխոտեց նրան, ու նա մեռավ։