Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 6

:
Armenian - NEA
1 Մարգարեները Եղիսեեին ասացին. «Այս տեղը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ համար նեղ է,
2 գնանք մինչև Հորդանան գետը և այնտեղ ամեն մեկս մի գերան վերցնի և մեզ համար բնակության տեղ պատրաստենք»։ Եղիսեեն ասաց. «Գնացե՛ք»։
3 Նրանցից մեկն ասաց. «Դու ևս քո ծառաներով ե՛կ մեզ հետ»։ Նա պատասխանեց. «Կգամ»։
4 Եվ գնաց նրանց հետ։ Հասան Հորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։
5 Եվ ահա երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկավ։ Նա բացականչելով ասաց. «Օ՜, Տե՛ր, ես այն փոխ էի առել»։
6 Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Նա ցույց տվեց տեղը, և Եղիսեեն, մի փայտ կտրելով, այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։
7 Եղիսեեն ասաց. «Վերցրո՛ւ»։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։
8 Ասորիների արքան պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։ Նա, խորհրդակցելով իր ծառաների հետ, ասաց. «Որոշակի տեղում թող բանակը դարան մտնի»։
9 Եղիսեեն, լուր ուղարկելով Իսրայելի արքային, ասաց. «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե անցնես այսինչ տեղով, քանի որ ասորիները դարան են մտել այնտեղ»։
10 Իսրայելի արքան մարդ ուղարկեց Եղիսեեի նշած վայրը և դարանից զգուշացավ ոչ միայն մեկ, այլ երկու և ավելի անգամ։
11 Այս բանի համար ասորիների արքան վրդովվեց, կանչեց իր ծառաներին և ասաց. «Ինձ չե՞ք ասի, թե ո՛վ է իմ գաղտնիքները հայտնում Իսրայելի արքային»։
12 Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։
13 Արքան ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե որտե՛ղ է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»։ Նրան հայտնեցին, որ Եղիսեեն Դովթայիմում է։
14 Նա մարտակառքեր, երիվարներ և մեծաքանակ զորք ուղարկեց։ Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը։
15 Առավոտ կանուխ Եղիսեեն զարթնեց և դուրս եկավ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսավ, որ զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք»։
16 Եղիսեեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։
17 Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
18 որոնք եկան նրա մոտ։ Եղիսեեն սկսեց աղոթել Տիրոջը՝ ասելով. «Հարվածի՛ր այս ազգին, որ կուրանան»։ Եվ Տերը, ինչպես ասել էր Եղիսեեն, հարվածեց նրանց ու կույր դարձրեց։
19 Եղիսեեն ասաց թշնամու զորքին. «Այս չէ ճանապարհը, և այս չէ քաղաքը, եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին փնտրում եք»։ Տարավ նրանց Սամարիա
20 և երբ մտավ Սամարիա, Եղիսեեն ասաց. «Տե՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»։ Եվ Տերը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մեջ են։
21 Երբ Իսրայելի արքան տեսավ նրանց, ասաց Եղիսեեին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»։
22 Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։
23 Նրանց առաջ առատ ուտելիք դրեց։ Նրանք կերան ու խմեցին։ Արքան նրանց արձակեց, և նրանք գնացին իրենց տիրոջ մոտ։ Ասորիների կողոպտիչ զորքը դադարեց Իսրայելի երկրի վրա հարձակվել։
24 Ժամանակ անց Ադերի որդին՝ ասորիների արքան, հավաքեց իր ամբողջ բանակը և եկավ պաշարեց Սամարիան։
25 Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։
26 Իսրայելի արքան շրջում էր պարսպի վրա։ Մի կին աղաղակելով ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տե՜ր արքա»։
27 Արքան ասաց. «Եթե Տերը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թե՞ հնձանով»։
28 Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»։ Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք”։
29 Եփեցինք իմ որդուն ու կերանք։ Հաջորդ օրն ասացի նրան. “Տո՛ւր քո որդուն, որ ուտենք”, սակայն նա թաքցրեց իր որդուն»։
30 Երբ արքան կնոջ այս խոսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, և քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրա, ժողովուրդը տեսավ, որ նա իր հագուստի տակից մարմնի վրա քուրձ էր հագել։
31 Արքան ասաց. «Թող Աստված այսպես ու այսպես և ավելին անի ինձ, եթե Սափատի որդի Եղիսեեի գլուխն իր վրա մնա այսօր»։
32 Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
33 Մինչ Եղիսեեն խոսում էր նրանց հետ, պատգամավորը եկավ նրանց մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրա էլ ի՞նչ հույս դնեմ»։