2 Kings 4
1 Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
2 Եղիսեեն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թե ի՛նչ կա քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկա, բացի ձիթայուղից, որով օծվում եմ»։
3 Եղիսեեն ասաց. «Գնա՛ և քո բոլոր դրացիներից դատարկ ամաննե՛ր խնդրիր, և թող քիչ չլինեն։
4 Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո և քո որդիների վրա, իսկ քո ունեցած յուղը լցրո՛ւ բոլոր ամանների մեջ ու լցվածը մի կո՛ղմ դիր»։
5 Նա հեռացավ նրա մոտից, դուռը փակեց իր և իր որդիների վրա։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր,
6 մինչև որ բոլոր ամանները լցվեցին։ Նա ասաց իր որդիներին. «Մի աման և՛ս բերեք»։ Նրանք ասացին. «Այլևս աման չկա»։ Եվ յուղը դադարեց հոսելուց։
7 Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։
8 Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։
9 Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, և նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։
10 Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ մահիճ, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, և երբ որ մեզ մոտ գա, թող այնտեղ ապրի»։
11 Եվ ահա մի օր, երբ նա եկել ու մտել էր վերնատուն ու այդտեղ քնել,
12 ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ինձ մո՛տ կանչիր սոմնացի այդ կնոջը»։ Նա կանչեց կնոջը, որը եկավ կանգնեց նրա առջև։
13 Եղիսեեն ասաց սպասավորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամենը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պետք է անել քեզ համար. գուցե արքայի կամ զորքի հրամանատարի մոտ պետք է բարեխոսե՞լ քո մասին”»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։
14 Եղիսեեն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»։ Իր սպասավոր Գեեզին ասաց. «Շատ լավ, չէ՞ որ նա որդի չունի, և նրա ամուսինը ծեր չէ» [𝕸 և Ο΄ ծեր է ]։
15 Եղիսեեն ասաց. «Կանչի՛ր նրան»։ Գեեզին կանչեց նրան, և սա կանգնեց դռան առաջ։
16 Եղիսեեն ասաց նրան. «Մյուս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կունենաս»։ Կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»։
17 Կինը հղիացավ ու հետևյալ տարին՝ այդ նույն ժամանակ, որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպես նրան ասել էր Եղիսեեն։
18 Մանուկը մեծացավ։ Մի օր տղան գնաց իր հոր, հնձողների մոտ ու ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։
19 Հայրն ասաց իր ծառային. «Սրան տա՛ր իր մոր մոտ»։
20 Տարավ նրան իր մոր մոտ. երեխան մոր ծնկներին քնեց մինչև կեսօր ու մեռավ։
21 Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրա։
22 Նա գնաց կանչեց իր ամուսնուն և ասաց. «Ինձ մո՛տ ուղարկիր քո ծառաներից մեկին ու մի էշ, որպեսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մոտ և վերադառնամ»։
23 Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։
24 Կինը համետեց էշը և ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչև որ ասեմ՝ “Կանգնի՛ր”։ Բայց եթե քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կգաս։
25 Կքշես ու կգնաս Աստծու մարդու մոտ, Կարմելոս լեռը»։ Երբ Եղիսեեն տեսավ, որ կինը գալիս է իր մոտ, ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ահա նա այն սոմնացի կինն է։
26 Ընդառա՛ջ գնա և հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։
27 Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։
28 Կինն ասաց. «Մի՞թե ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թե՝ “Մի՛ խաբիր ինձ”»։
29 Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։
30 Երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եղիսեեն ելավ ու գնաց կնոջ հետևից։
31 Գեեզին նրանցից առաջ անցավ և ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խոսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձավ Եղիսեեի մոտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։
32 Եղիսեեն մտավ տուն և տեսավ, որ մեռած երեխան պառկած է իր մահճում։
33 Եղիսեեն տուն մտավ, դուռը փակեց իրենց երկուսի վրա, աղոթեց Տիրոջը,
34 եկավ ընկավ երեխայի վրա, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, ապա կծկվեց նրա վրա, ու երեխայի մարմինը ջերմացավ։
35 Նա տան մեջ այս ու այն կողմ շրջեց, բարձրացավ երեխայի վրա, յոթ անգամ երեխային ծածկեց իր մարմնով, և երեխան բացեց իր աչքերը։
36 Եղիսեեն աղաղակեց ու ասաց Գեեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը ներս մտավ։ Եղիսեեն ասաց.
37 «Ա՛ռ քո որդուն»։ Կինը մտավ, ընկավ նրա ոտքերին և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ։ Նա վերցրեց իր որդուն ու գնաց,
38 իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։
39 Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։
40 Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ նրանք սկսեցին ապուրն ուտել, աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կա կաթսայի մեջ, ո՜վ Աստծու մարդ»։ Եվ նրանք չկարողացան ուտել։
41 Եղիսեեն ասաց. «Ալյո՛ւր վերցրեք ու լցրե՛ք այդ կաթսայի մեջ»։ Նա ասաց իր սպասավոր Գեեզիին. «Դի՛ր ժողովրդի առջև, որ ուտեն»։ Եվ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի չվնասեց։
42 Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
43 Նրա սպասավորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարյուր մարդու առջև դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանի որ այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և պիտի ավելանա”»։ Ծառան դրեց նրանց առջև,
44 նրանք կերան, և Տիրոջ ասածի նման մի բան էլ դեռ ավելացավ։