Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 3

:
Armenian - NEA
1 Աքաաբի որդի Հովրամը Հուդայի Հովսափատ արքայի թագավորության տասնյոթերորդ տարում դարձավ Իսրայելի թագավոր և տասներկու տարի թագավորեց Սամարիայում։
2 Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ո՛չ իր հոր, ո՛չ էլ իր մոր նման. ընդհակառակը, նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։
3 Սակայն նա միացավ Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայելին մեղանչել էր տվել, և դրանցից չհրաժարվեց։
4 Մովաբի Մոսա արքան ոչխարի հոտերի տեր էր և Իսրայելի արքային հարկ էր տալիս հարյուր հազար մաքի ու հարյուր հազար նրբագեղմ խոյ։
5 Աքաաբի մեռնելուց հետո Մովաբի երկրի արքան ըմբոստացավ Իսրայելի արքայի դեմ։
6 Այդ ժամանակ Հովրամ արքան ելավ Սամարիայից և Իսրայելի մարդահամար անցկացրեց ու գնաց։
7 Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։
8 Հարցրեց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա պատասխանեց. «Եդովմի անապատի ճանապարհով»։
9 Իսրայելի արքան, Հուդայի արքան և Եդովմի արքան գնացին, յոթ օրվա ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։
10 Իսրայելի արքան ասաց. «Ավա՜ղ, Տերը պաշարել է իրար մոտ հավաքված երեք թագավորներիս, որ նրանց մովաբացիների ձեռքը հանձնի»։
11 Հովսափատն ասաց. «Մի՞թե այստեղ Տիրոջ մի մարգարե չկա, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայելի արքայի ծառաներից մեկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեեն, որը Եղիայի ձեռքին ջուր էր լցնում»։
12 Հովսափատն ասաց. «Տիրոջ խոսքը նրա հետ է»։ Իսրայելի արքան, Հուդայի Հովսափատ արքան և Եդովմի արքան եկան նրա մոտ։
13 Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
14 Եղիսեեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե Հուդայի երկրի Հովսափատ արքայի նկատմամբ ակնածանք չունենայի, քո երեսին իսկ չպիտի նայեի։
15 Բայց արդ, բերե՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նվագել, Տիրոջ ձեռքը իջավ Եղիսեեի վրա։
16 Նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատը փոսերի՛ վերածեք”։
17 Այսպես է ասում Տերը. “Ո՛չ հողմ եք տեսնելու, ո՛չ էլ անձրև, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցվի, և դուք, ձեր անասուններն ու ձեր գրաստները պիտի խմեք այդտեղից”։
18 Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար։ Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու,
19 դուք ավերելու եք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր ընտիր քաղաքները, ջարդելու եք պտղատու ծառերը, խցանելու եք ջրի աղբյուրները և քարեր լցնելով՝ անպետք եք դարձնելու բարեբեր դաշտերը»։
20 Առավոտյան զոհաբերության ժամին Եդովմի կողմից ջրեր հոսեցին, և շրջակա տարածքը լցվեց ջրով։
21 Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, զենք կրելու ի վիճակի եղող և նրանցից ավելի տարիքավոր մարդիկ առավոտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։
22 Երբ արևը բարձրացավ ջրերի վրա, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թվաց, թե այդ ջրերն արյան պես կարմիր են։
23 Նրանք ասացին. «Դա սրի թափած արյուն է, թագավորներն իրար հետ կռվել են, ամեն մեկն իր ընկերոջն է սպանել։ Հիմա, ո՜վ մովաբացիներ, գնանք ավարի»։
24 Նրանք մտան Իսրայելի բանակատեղին, իսկ իսրայելացիները ելան, հարվածեցին ու հալածեցին Մովաբին,
25 կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։
26 Երբ Մովաբի երկրի արքան տեսավ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց յոթ հարյուր սուսերակիրների, որպեսզի ճեղքելով հասնի Եդովմի արքային, սակայն չկարողացավ։
27 Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարեն պետք է թագավորեր, տարավ և ողջակիզեց պարսպի վրա։ Դա մեծ ափսոսանք պատճառեց Իսրայելին, և նրանք, երես դարձնելով նրանցից, գնացին իրենց երկիրը։