Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 18

:
Armenian - NEA
1 Իսրայելի արքա Եղայի որդի Օվսեեի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի Աքազ արքայի որդի Եզեկիան։
2 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավորեց, և Երուսաղեմում քսանինը տարի թագավորեց։ Նրա մոր անունը Աբութ էր, որը Զաքարիայի դուստրն էր։
3 Նա իր նախնի Դավթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացավ Տիրոջ առջև։
4 Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [ Օձի պղնձե կուռք
5 Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
6 Նա Տիրոջն ապավինեց, նրա ճանապարհից չխոտորվեց, պահեց Մովսեսին պատգամված պատվիրանները,
7 և Տերը նրա հետ էր, և Եզեկիան ինչ որ անում էր, խելամտորեն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դեմ, չծառայեց նրան,
8 այլազգիներին քշեց մինչև Գազա և նրա սահմանները, պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները։
9 Եզեկիա արքայի թագավորության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Եղա արքայի որդի Օվսեեի թագավորության յոթերորդ տարում, Ասորեստանի արքա Սաղմանասարը ելավ Սամարիայի դեմ, պաշարեց այն և երեք տարի անց քաղաքը գրավեց։
10 Եզեկիայի թագավորության վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայելի արքա Օվսեեի թագավորության իններորդ տարում, Ասորեստանի արքան գրավեց Սամարիան
11 և սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղավորեց Ալաթում և Աբովրում՝ Գովզան գետի և Մարաց լեռների մոտ,
12 որովհետև նրանք Տիրոջը՝ իրենց Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել և այն, ինչ նրանց պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, չէին լսել ու չէին կատարել։
13 Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
14 Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
15 և Եզեկիան Տիրոջ տանը և թագավորի գանձատանը ինչ որ գտավ, տվեց։
16 Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների վրա եղած ոսկին, որ ինքը՝ Հուդայի արքա Եզեկիան էր պատել, ու տվեց Ասորեստանի արքային։
17 Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
18 կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
19 Ռափսակը նրանց ասաց. «Ասե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. “Ի՞նչ է քո հույսը, որին դու ապավինել ես։
20 Մի՞թե կարծում ես, որ դատարկ խոսքերով ու խորհրդով կարելի է պատերազմել. զորություն է անհրաժեշտ պատերազմի համար։ Արդ, ո՞ւմ ապավինելով ապստամբեցիր իմ դեմ։
21 Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։
22 Ինձ ասացիր, թե՝ “Տիրոջը՝ Աստծուն ենք ապավինում”։ Դա նա չէ՞, որի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն Երուսաղեմի զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։
23 Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտվե՛ք, և նա քեզ երկու հազար երիվար կտա, եթե դու կարող ես այդքան հեծյալներ գտնել դրանց համար։
24 Ինչպե՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ հետին ծառաներից որևէ զորականի, երբ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապավինում ես Եգիպտոսին։
25 Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես հարձակվել այս երկրի վրա, որ բնաջնջեմ այն։ Տերն է ինձ ասել. “Հարձակվի՛ր այդ երկրի վրա և բնաջնջի՛ր այն”»։
26 Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Հովաքն ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրա կանգնած ժողովրդի ներկայությամբ եբրայերեն մի՛ խոսիր»։
27 Բայց Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե իմ տերն այս խոսքերը քո տիրո՛ջն ու քե՛զ ասելու համար ուղարկեց ինձ, ո՛չ միայն, այլ նաև պարսպի վրա կանգնած մարդկանց համար, որոնք շուտով ստիպված կլինեն ձեզ հետ միասին ուտելու իրենց կեղտը և խմելու իրենց մեզը»։
28 Ռափսակը ելավ, բարձր ձայնով բղավելով՝ եբրայերեն ասաց. «Լսե՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։
29 Այսպես է ասում արքան. “Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։
30 Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։
31 Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի արքան. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք, եկե՛ք ինձ մոտ, և ամեն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կուտի, իր ջրհորից ջուր կխմի,
32 մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կապրեք ու չեք մեռնի։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև խաբում է ձեզ՝ ասելով՝ “Տերը մեզ կփրկի”։
33 Ազգերի աստվածներից ո՞վ իրենց երկիրը փրկեց Ասորեստանի արքայի ձեռքից։
34 Որտե՞ղ է Եմաթի ու Արփաթի աստվածը, որտե՞ղ է Սեփփարուիմ քաղաքի աստվածը, Անայի ու Ավայի աստվածը։ Մի՞թե նրանք Սամարիան փրկեցին իմ ձեռքից։
35 Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։
36 Մարդիկ լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև արքան հրաման էր տվել՝ «Նրան մի՛ պատասխանեք»։
37 Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը հանդերձները պատառոտելով եկան Եզեկիայի մոտ ու նրան հաղորդեցին Ռափսակի ասածները։