Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 17

:
Armenian - NEA
1 Հուդայի արքա Աքազի թագավորության տասներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում ինը տարի թագավորեց Ելայի որդի Օվսեեն։
2 Նա Տիրոջ առջև մեղք գործեց, բայց ոչ իրենից առաջվա Իսրայելի թագավորների նման։
3 Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Սաղմանասար արքան, և Օվսեեն նրան ենթակա դարձավ, ու սկսեց նրան հարկ տալ։
4 Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։
5 Ասորեստանի արքան հարձակվեց ամբողջ երկրի վրա, ելավ Սամարիայի դեմ և այն պաշարեց երեք տարի։
6 Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
7 Այս եղավ, որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին Տիրոջ՝ իրենց Աստծու նկատմամբ, որն իրենց հանել էր եգիպտացիների երկրից և ազատել եգիպտացիների արքայի՝ փարավոնի ձեռքից։ Սակայն նրանք սկսեցին պաշտել օտար աստվածների,
8 հետևել այն ազգերի կրոնին, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Իսրայելի թագավորները այնպիսի բաներ արեցին,
9 և Իսրայելի որդիները հնարեցին բաներ, որ չպետք է անեին իրենց Աստծու դեմ. իրենց բոլոր բնակավայրերում պաշտամունքի տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները,
10 բարձունքներում և սաղարթախիտ ծառերի ներքո իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ կանգնեցրին,
11 բոլոր բարձունքների վրա խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տերը վտարել էր նրանց առջևից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան և վատ հավաքույթներ կազմակերպեցին՝ բարկացնելով Տիրոջը։
12 Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տերն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արեք Տիրոջ հանդեպ»։
13 Տերը բոլոր մարգարեների ու տեսանողների միջոցով Իսրայելին ու Հուդային զգուշացրեց՝ ասելով. «Դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, պահե՛ք իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները, որ պատվիրեցի ձեր հայրերին, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»։
14 Նրանք չլսեցին, ավելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհավատացին Տիրոջը՝ իրենց Աստծուն։
15 Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։
16 Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,
17 իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։
18 Տերն Իսրայելի վրա խիստ բարկացավ, մերժեց նրանց իր ներկայությունից, այնպես որ միայն Հուդայի ցեղը մնաց։
19 Սակայն Հուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին Տիրոջ՝ իրենց Աստծու պատվիրանները և ընթացան Իսրայելի երկրում ընդունված սովորույթներով։
20 Իսրայելի ամբողջ սերունդը մերժեց Տիրոջը։ Տերը նրանց չարչարեց և ավարառուների ձեռքը մատնեց, մինչև որ նրանց իր երեսից հեռու վանեց։
21 Թեև Դավթի տունը գոյություն ուներ, նրանք Իսրայելի թագավոր նստեցրին Նաբատի որդի Հերոբովամին, և Հերոբովամը Իսրայելին արգելեց ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տվեց։
22 Իսրայելի որդիներն ընթացան Հերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չհրաժարվեցին դրանցից։
23 Տերն իր երեսը թեքեց Իսրայելից, ինչպես որ մարգարեների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Իսրայելը իր երկրից գերեվարվեց Ասորեստան, որտեղ գտնվում է մինչև այսօր։
24 Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
25 Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։
26 Եվ ասացին Ասորեստանի արքային. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր և Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը, և Տերը նրանց վրա առյուծներ ուղարկեց, որոնք ահա հոշոտում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը»։
27 Եվ Ասորեստանի արքան հրաման արձակեց ու ասաց. «Այնտե՛ղ տարեք ձեր գերեվարած քահանաներից մեկին, որ գնա այնտեղ բնակվի, սովորեցնի Տիրոջ կրոնը և լուսավորի նրանց այդ երկրի Աստծու օրենքներով»։
28 Սամարիայից գերված քահանաներից մեկին տարան, բնակեցրին Բեթելում։ Քահանան լուսավորում էր նրանց և սովորեցնում երկյուղ կրել Տիրոջից։
29 Ամեն ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստվածներ պատրաստեց և դրեց բարձունքների մեհյաններում, որ սամարացիներն էին շինել։
30 Բաբելոնի մարդիկ շինեցին Սոքքովթ-Բանովթը, քութացիները շինեցին Անգեղը, եմաթացիները՝ Ասիմաթը,
31 այիացիները՝ Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, որտեղ այրում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստվածներ Ադրամելեքի ու Ամելեքի համար։
32 Նրանք նաև Տիրոջից էին երկնչում, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրա գտնվող մեհյաններում, որ ամեն ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, որտեղ նրանք բնակվում էին։ Թեև Տիրոջից երկնչում էին, բայց բարձունքների վրա քրմեր էին նշանակել.
33 թեև երկնչում էին Տիրոջից, պաշտում էին իրենց աստվածներին ըստ այն ազգերի կրոնների, որոնց Աստված մերժել էր։
34 Մինչև օրս նրանք առաջնորդվում են իրենց սովորույթներով. թեև երկնչում են Տիրոջից, բայց վարվում են ըստ իրենց սովորույթների ու կանոնների, նաև ըստ այն պատվիրանի և օրենքների, որ Տերը պատվիրել էր Հակոբի որդիներին, ում անունը դրել էր Իսրայել։
35 Տերը նրանց հետ ուխտ էր դրել, պատվիրել ու ասել. «Մի՛ վախեցեք օտար աստվածներից, մի՛ երկրպագեք նրանց, մի՛ պաշտեք նրանց, զոհեր մի՛ մատուցեք նրանց,
36 այլ վախեցե՛ք Տիրոջից՝ Աստծուց, որը մեծ զորությամբ ու բարձր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցեք, նրա՛ն երկրպագեք ու նրա՛ն զոհեր մատուցեք։
37 Ձեզ համար գրված կանոնները, դատաստանները, օրենքներն ու պատվիրանները զգուշությա՛մբ գործադրեք։ Մի՛ վախեցեք օտար աստվածներից,
38 մի՛ մոռացեք այն ուխտը, որ Տերը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցեք օտար աստվածներից,
39 այլ Տիրոջից՝ ձեր Աստծուց երկնչեք։ Նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիներից։
40 Մի՛ հավատացեք նրանց կրոնին, որին նրանք հետևում են»։
41 Այդ ազգերը թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքերին էին ծառայում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախնիները։