2 Kings 16
1 Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
2 Աքազը քսան տարեկան էր, երբ թագավորեց, և տասնվեց տարի իշխեց Երուսաղեմում։ Նա հավատարիմ չգտնվեց Տիրոջ՝ Աստծու առջև, ինչպես հավատարիմ էր եղել իր նախնի Դավիթը,
3 այլ գնաց Իսրայելի արքա Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ Նա իր որդիներին կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորության, որոնց Տերն Իսրայելի որդիների առջևից հալածել էր։
4 Նա զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում, բլուրների վրա ու անտառների ծառերի տակ։
5 Այն ժամանակ ասորիների արքա Ռասոնը և Ռոմելիայի որդի Իսրայելի թագավոր Փակեեն պատերազմի ելան Աքազի դեմ ու պաշարեցին Երուսաղեմը, սակայն չկարողացան պատերազմել։
6 Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան ասորիներին վերադարձրեց Ելաթը, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդովմացիները եկան Ելաթ և այնտեղ են բնակվում մինչև այսօր։
7 Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։
8 Աքազը Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարանում գտնվող արծաթն ու ոսկին վերցրեց և որպես պարգև ուղարկեց Ասորեստանի արքային։
9 Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։
10 Աքազ արքան գնաց Դամասկոս՝ Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու։ Նա տեսավ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձևերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային։
11 Ուրիա քահանան զոհասեղանը կառուցեց ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից։ Մինչև Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա։
12 Երբ արքան տեսավ զոհասեղանը, մոտեցավ դրան,
13 զոհեր մատուցեց նրա վրա, իր ողջակեզներն այրեց, իր ընծաները նվիրեց, զոհասեղանի վրա թափեց խաղաղության զոհերի արյունը։
14 Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջևից, ու դրեց նոր զոհասեղանից հյուսիս։
15 Աքազ արքան պատվեր տվեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրա պետք է մատուցես առավոտյան ողջակեզը և երեկոյան զոհաբերությունը, արքայի ողջակեզն ու նրա զոհաբերությունները, երկրի ժողովրդի ողջակեզները, զոհաբերություններն ու ընծաները։ Բոլոր ողջակեզների ու զոհաբերությունների արյունը նրա վրա պետք է թափես, իսկ պղնձե զոհասեղանն իմ տրամադրության տակ պետք է լինի առավոտյան»։
16 Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես նրան պատվիրել էր Աքազ արքան։
17 Աքազ արքան կոտրեց խարիսխների կապերը, փոխադրեց լվացարանները, ձուլածո ավազանն իջեցրեց իր տակ գտնվող տասներկու պղնձե ցուլերից ու դրեց քարե պատվանդանի վրա։
18 Նա Տիրոջ տան մեջ գահի համար մի պատվանդան դրեց և տաճար տանող թագավորական արտաքին մուտքն ուրիշ կողմ դարձրեց Ասորեստանի արքայի պատճառով։
19 Աքազի կատարած մնացած գործերը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
20 Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։