Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 14

:
Armenian - NEA
1 Իսրայելի արքա Հովաքազի որդի Հովասի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի արքա Հովասի որդի Ամասիան։
2 Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադին, որը Երուսաղեմից էր։
3 Ամասիան արդար գտնվեց Տիրոջ առջև, բայց ոչ իր նախնի Դավթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Հովասն էր արել,
4 սակայն բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
5 Երբ թագավորությունն իր ձեռքն անցավ, նա սպանեց իր այն պալատական պաշտոնյաներին, որոնք սպանել էին իր հորը,
6 սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։
7 Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
8 Այդ ժամանակ Ամասիան Իսրայելի արքա Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. «Ե՛կ երես երեսի հանդիպենք միմյանց»։
9 Իսրայելի արքա Հովասը մարդ ուղարկեց Հուդայի արքա Ամասիայի մոտ և ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն՝ ասելով. “Քո դստերը կնությա՛ն տուր իմ որդուն”։ Սակայն Լիբանանի անապատի գազաններն անցան ու կոխոտեցին ակքան փուշը։
10 Եդովմացիներին կոտորեցիր և մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարությունը քեզ գրգռում. չէ՞ որ կընկնես դու, և քեզ հետ էլ՝ Հուդայի երկիրը»։
11 Ամասիան չանսաց նրան։ Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ, և Հուդայի երկրի Բեթսամյուս բնակավայրում դեմ դիմաց իրար հանդիպեցին ինքը և Հուդայի արքա Ամասիան։
12 Հուդայի զորքը պարտվեց Իսրայելից, և Հուդայի բոլոր զորքերն իրենց վրանները փախան։
13 Իսրայելի արքա Հովաքազի որդի Հովասը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, եկավ Երուսաղեմ և Եփրեմի դարպասից մինչև Անկյունների դարպասը՝ չորս հարյուր կանգուն, քանդեց Երուսաղեմի պարիսպը։
14 Նա Տիրոջ տան ու թագավորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անոթները և ազնվատոհմ պատանդներին վերցնելով՝ վերադարձավ Սամարիա։
15 Հովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործություններն ու Հուդայի երկրի արքա Ամասիայի դեմ մղած պատերազմը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
16 Հովասը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների հետ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հերոբովամը։
17 Հուդայի երկրի արքա Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մահվանից հետո ապրեց տասնհինգ տարի։
18 Ամասիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
19 Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
20 Նրան բերեցին ձիերի վրա ու թաղեցին Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում, իր հայրերի մոտ։
21 Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամյա Ազարիային և թագավոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարեն։
22 Ազարիան արքայի մեռնելուց հետո Հուդայի երկրին միացրեց Ելաթն ու բարեկարգեց այն։
23 Հուդայի արքա Հովասի որդի Ամասիայի թագավորության տասնհինգերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Իսրայելի արքա Հովասի որդի Հերոբովամը։ Նա քառասունմեկ տարի թագավորեց Սամարիայում։
24 Նա Տիրոջ առջև չարիք գործեց, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից։
25 Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,
26 քանզի Տերը տեսել էր սակավամարդ, նեղված, տկար ու լքված Իսրայելի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգներ Իսրայելին։
27 Տերը չէր ուզում, որ Իսրայելի զավակները բնաջնջվեն երկնքի ներքո, ուստի Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց նրանց։
28 Հերոբովամի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, պատերազմում նրա կատարած քաջագործությունները և թե ինչպես է Դամասկոսն ու Եմաթը Հուդայի երկրից վերադարձրել Իսրայելին, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
29 Հերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայելի թագավորների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Զաքարիան։