Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 13

:
Armenian - NEA
1 Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։
2 Նա Տիրոջ առջև չարիք գործեց, ընթացավ Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարվեց։
3 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և Տերը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայել արքայի և Ազայելի որդի Ադերի ձեռքը։
4 Հովաքազն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
5 Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
6 Սակայն չհրաժարվեցին Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այլ դրանց մեջ ընթացան, փայտե սյունն էլ շարունակում էր պաշտամունքի առարկա մնալ Սամարիայում։
7 Հովաքազի մոտ մնացել էին միայն հիսուն հեծյալ, տասը մարտակառք ու տասը հազար հետևակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր և նրանց հողի պես ոտքի կոխան էր դարձրել։
8 Հովաքազի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
9 Հովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովասը։
10 Հուդայի արքա Հովասի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հովաքազի որդի Հովասը։ Նա Սամարիայում թագավորեց տասներկու տարի։
11 Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, թաղվեց դրանց մեջ։
12 Հովասի մնացած պատմությունը, այն ամենը, ինչ նա արել է, Հուդայի արքայի հետ կռվելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
13 Հովասը գնաց իր նախնիների գիրկը, և նրա գահին նստեց Հերոբովամը։ Հովասը թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ։
14 Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։
15 Եղիսեեն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»։ Հովասը վերցրել էր աղեղն ու նետերը,
16 և Եղիսեեն Իսրայելի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր», և նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսեեն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին
17 և ասել. «Բա՛ց արևելյան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, և Եղիսեեն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսեեն ասել էր. «Սա Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հարվածես Ափեկում, մինչև որ իսպառ բնաջնջես նրանց»։
18 Եղիսեեն ավելացրել էր. «Նետե՛ր վերցրու»։ Երբ Հովասը նետերը վերցրել էր, Եղիսեեն ասել էր Իսրայելի արքային. «Արձակի՛ր և խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։
19 Աստծու մարդը բարկացել էր նրա վրա՝ ասելով. «Եթե հինգ կամ վեց անգամ հարվածեիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինեիր։ Արդ, միայն երեք անգամ կհարվածես ասորիներին»։
20 Եղիսեեն մեռավ, և նրան թաղեցին։ Հետևյալ տարին Մովաբի կողոպտիչ զորքը հարձակվեց երկրի վրա։
21 Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։
22 Ասորիների արքա Ազայելը Հովաքազի իշխանության բոլոր օրերին նեղում էր Իսրայելին,
23 բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։
24 Ասորիների արքա Ազայելը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ադերի որդին։
25 Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։