Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 1

:
Armenian - NEA
1 Աքաաբի մահվանից հետո մովաբացիներն ապստամբեցին Իսրայելի դեմ։
2 Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։
3 Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։
4 Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. “Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը։
5 Պատգամավորները վերադարձան արքայի մոտ, և նա հարցրեց. «Ինչո՞ւ եք հետ դարձել»։
6 Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։
7 Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ուներ այն մարդը, որ ձեր առաջ ելավ և այդ բաներն ասաց ձեզ»։
8 Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր և մեջքին կաշվե գոտի էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։
9 Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։
10 Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
11 Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։
12 Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
13 Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,
14 քանզի տեսանք, որ կրակ ընկավ երկնքից ու լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսունական զինվորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։
15 Տիրոջ հրեշտակը, խոսելով Եղիայի հետ, ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկյուղ մի՛ ունեցիր»։ Եղիան վեր կացավ, նրա հետ գնաց արքայի մոտ
16 և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։
17 Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։
18 Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ Աքաաբի որդի Հովրամը Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնութերորդ տարում Սամարիայում տասներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ իր եղբայրների և իր մոր նման։ Նա հանեց ու ոչնչացրեց իր հոր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Հերոբովամի տան այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տվել Իսրայելին, դրանցից չհրաժարվեց։ Եվ Տերը խիստ զայրացավ Աքաաբի տան վրա։