Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 7

:
Armenian - NEA
1 Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
2 Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում, որովհետև ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք և ոչ ոքի չզրկեցինք։
3 Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ քիչ առաջ ասացի, որ մեր սրտերում եք՝ ձեզ հետ ապրելու թե մեռնելու համար։
4 Մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ. մեծապես հպարտ եմ ձեզնով։ Լի եմ մխիթարությամբ, մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ։
5 Որովհետև երբ մենք Մակեդոնիա հասանք, երբեք հանգիստ չունեցանք, ավելին՝ ամեն կողմից նեղություն կրեցինք, քանի որ դրսից թշնամիներն էին, իսկ ներսից՝ մեր վախը։
6 Բայց Աստված, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով։
7 Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։
8 Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։
9 Արդ ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև ապաշխարության համար տրտմեցիք, որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզնից ոչ մի կշտամբանքի չարժանանաք։
10 Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։
11 Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։
12 Ապա ուրեմն, եթե նույնիսկ ես ձեզ գրեցի, գրեցի ոչ թե նրա համար, ով զրկում է, ոչ էլ նրա համար, ով զրկվում է, այլ որպեսզի Աստծու առաջ հայտնի լինի մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածությունը։
13 Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։
14 Եվ եթե անգամ ձեզնով մի փոքր պարծեցել էի նրա առաջ, ամոթով չմնացի, այլ ինչպես որ ամեն ինչ ճշմարտությամբ խոսեցինք ձեզ հետ, նույնպես և Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղավ։
15 Նաև նրա գորովն է ավելացել ձեր հանդեպ, քանի որ հիշեցնում էր մեզ ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչ ահով ու դողով եք ընդունել իրեն։
16 Արդ ուրախ եմ, որ ամբողջական վստահություն ունեմ ձեզ վրա։