Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 6

:
Armenian - NEA
1 Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,
2 որովհետև Աստված ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի քեզ» ։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։
3 Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ մեր ծառայությունը վարկաբեկվի.
4 այլ բոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ,
5 հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ,
6 սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
7 ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքով, որ աջ և ձախ ձեռքերում է,
8 փառքով և անարգությամբ, գովասանքով և պարսավանքով, խաբեբա համարվողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ,
9 իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
10 իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։
11 Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, և մեր սրտերը՝ լայն։
12 Դուք մեր պատճառով չեք նեղվում, այլ դուք ձեր սրտերում եք նեղվում։
13 Արդ, նույն փոխադարձությամբ,- իբրև որդիների եմ ասում ձեզ,- լայնորեն բացե՛ք ձեր սրտերը։
14 Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
15 Եվ կամ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև, կամ ի՞նչ առնչություն կարող է լինել հավատացյալի ու անհավատի միջև,
16 կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը ։
17 Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ ։
18 Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր,- ասում է Ամենակալ Տերը»։